Ջրլող թռչունների ձմեռային հաշվառման արդյունքները Հունվար, 2017թ

15

2017 թվականի հունվար ամսում իրականացվածԱրևելա-Աֆրիկյան և Արևմտա-Ասիական միգրացիոն ուղով չվող ջրլող թռչունների հերթական հաշվառումը Հայաստանի համար թվով 15-րդն էր: Այս տարի, նման անցած տարիներին, հաշվառումներն անցկացվել են Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական ֆերմայում և Մեծամոր գետային համակարգի ամբողջ երկայնքով, որի մեջ մտնում են Հրազդան և Մեծամոր գետերը, ոչ մեծ բնական և արհեստական լճակներ, ինչպես նաև բոլոր ոռոգման ջրանցքները և ուսումնասիրվող տարածքին հարող ճահճուտները: Ինչպես անցած տարի, այս տարի ևս որոշվեց հաշվել Երևանյան լճի թռչուններին: Այս տարվա հունվար ամսին եղանակը հանրապետությունում ձնառատ էր և սառնամանիքային.  ցերեկային ջերմաստիճանը -8, -13, իսկ գիշերը նվազում էր մինչև -15, -25 աստիճանի: Ամբողջ Արարատյան հարթավայրը՝ մինչև 1350-1450մ բ.ծ.մ, ծածկված էր մառախուղի խիտ շերտով, որը պահպանվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից:

Հաշվառման մասնակիցները`ASPB աշխատակիցներ, կամավորներ և Սևան ԿԹՏ-ի խնամակալը:

Սևանա լճի հաշվառման ժամանակ եղանակը սառնամանիքային էր, հիմնականում արևոտ, սակայն քամու ուղեկցությամբ: Քամու արագությունը երբեմն հասնում էր 10-15 մ/վ արագության, որի հետևանքով առաջացած ալիքները դժվարեցնում էին դիտարկումները: Արևմտյան և հարավարևմտյան մերձափնյա ջրերը սառցակալած էին (մոտ 500 մետր լայնությամբ): Դժվարություններ էին առաջացնում նաև ձկնորսությամբ զբաղվող բազմաթիվ մոտոռանավակները, որոնք վաղ առավոտից շրջում էին մերձափնյա տարածքում, վախեցնելով թռչուններին: Լճի հարավ-արևելյան մասում նկատվել են նաև որսով զբաղվող նավակներ, ինչը ևս խանգարող հանգամանք էր հանդիսանում: Վերոնշյալ անթրոպոգեն և կլիմայական գործոնները և որոշեցին հաշվառված թռչունների թվաքանակը:

16      9

Ինչպես անցած տարներին, այս տարի նույնպես ամենամեծ թվաքանակն ունեցան Սև փարփարները՝ 39,600 թռչուն: Ի համեմատ անցած տարվա, դիտվեց Կարմրագլուխ սուզաբադերի թվաքանակի նշանակալի աճ՝ 5,950 առանձնյակ, իսկ Կարմրակտուց սուզաբադերի թվաքանակը կտրուկ նվազել էր, հասնելով ընդամենը 130-ի՝ անցյալ տարվա 5,065-ի փոխարեն: Դրա հետ մեկտեղ, նկատվել է Կռնչան բադերի քանակի աննշան աճ և Մոխրագույն բադերի թվի նվազում: Հատկապես հարկ է նշել, որ հաշվառման օրերի ընթացքում չեն նկատվել տառեղներ, որոնք դեռ դեկտեմբերին հասնում էին մինչև երկու հարյուրի: Ի տարբերություն անցյալ տարվա, երբ գրանցվել էր ընդամենը 3 Մեծ ձկնկուլ, ապա այս հունվարյան հաշվառման ընթացքում հաշվվել է 132 թռչուն: Վերջին տարիներին Սևանա լճի ավազանում նկատվում է Մեծ ձկնկուլների թվաքանակի կայուն աճ, ինչպես ձմեռային, այնպես էլ բնադրման շրջանում: Լճում գրանցված հետաքրքիր տեսակների թվին կարելի է դասել Լուտոկին, Ծովային սուզաբադին և Սոնաբադին: Առանձնահատուկ ցանկանում ենք նշել 4 Սոնաբադերին, որոնք բավականին հազվագյուտ թռչուններ են Հայաստանի համար: Սևանում որորների մասին կարելի է ասել, որ դիտարկվել է ձմեռող Սևագլուխ քրքջանների թվի նվազում և Հայկական որորների թվաքանակի աճ, ի համեմատ անցյալ տարվա:

17

Արմաշի ձկնաբուծական ֆերմայում անցկացված հաշվառումները կրկին անգամ հաստատեցի այն, որ թռչունների առկայունթյունը կախված է ջրային մակերեսների սառցակալման աստիճանից: Դիտարկումների ընթացքում բոլոր 20 լճերը 99%-ով ծածկված էին սառցի հաստ շերտով: Բաց ջրային հատվածներ կային միայն ջրանցքների վրա, ինչպես նաև լճերի այն հատվածներում, որտեղ լցվում էին ջրանցքների կամ արտեզյան աղբյուրների ջրերը: Ֆերմայի և նրան հարող տարածքներում հաշվառվել է ընդամենը 15 տեսակի պատկանող 269 թռչուն: Բոլոր գրանցված տեսակներից ամենամեծ թվաքանակն ունեին Փոքր ձկնկուլները (71 թռչուն), երկրորդ տեղում էին Սև փարփարները (65 թռչուն) այնուհետև Սպիտակ և Մոխրագույն տառեղները՝ համապատասխանաբար 12 և 21 առաձնյակներով: Սույն հաշվառման արդյունքներից կարելի է փաստել, որ այս տարի գրանցվել է նախորդ տարվա տեսակների ընդամենը կեսը և քանակության ընդամենը 13%-ը:

    8                  11

Մեծամոր գետային համակարգի տարածքում անցկացված հաշվառումները վերահաստատում են, որ այս տարածքը կորցրել է իր դերը, որպես բազմաթիվ ջրլող թռչունների ձմեռման վայր: Այստեղ սառցաշերտով պատված էր տարածքի 90%-ը: Հաշվառման օրը գրանցված թռչունների ընդհանուր քանակից (1245) 645-ը կազմում էին Սպիտակ արագիլները, որոնց 520 թռչնից բաղկացած կուտակումը նկատվել է թռչնաֆաբրիկայի տարածքում: 323 Հայկական որորներից  278-ը գրանցվել են Մասիս քաղաքի աղբանոցում: Ոչ մեծ քանակությամբ հաշվառված Փոքր ձկնկուլները և Փոքր սուզակները գրանցվել են միայն Հրազդան և Մեծամոր գետերի վրա: Հայտնաբերված բազմաթիվ կրակած փամփուշտները և զինված մարդկանց առկայությունն ակնհայտ վկայում էին ջրլող թռչունների վրա որսորդների ճնշման մասին: 

12

Գրեթե ամբողջովին սառցակալած Երևանյան լճում իրականացված հաշվառումը տվեց հետևյալ արդյունքները: Գրանցվել են 723 թռչուն, որոնք պատկանում են 11 տեսակների: Մեծ քանակություն էին կազմում Կռնչան բադերը՝ 520 թռչուն, հաջորդ տեղում Սուլող մրտիմններն էին՝ 120 թռչուն: Հետաքրքիր էր Գանգրափետուր հավալուսնի գրանցումը լճի վրա, քանի որ այս տեսակը մեր կողմից երբեք գրանցված չի եղել Երևանյան լճի տարածքում:

Ընդհանրացնելով արդյունքները կարելի է փաստել, որ հաշվառման ընոացքում գրանցվեց 58, 060 թռչուն, որոնք պատկանում են 30 տեսակների: Ընդհանուր թվից 96,14%-ը 21 տեսակներով հաշվառվել են Սևանա լճի ավազանում: Արմաշի ձկնաբուծական լճերում հաշվառվել է ընդամենը 15 տեսակ, որոնց ընդհանուր թիվը կազմել է բոլոր հաշվառված թռչունների 0,46%-ը: Մեծամոր գետային համակարգի տարածքում հաշվառվել է 2,14% ընդհանուր թվից, որոնք պատկանում էին 14 տեսակների: Եվ վերջապես Երևանյան լճի տարածքում հաշվառվել են 11 տեսակ, որոնք կազմում են ընդհանուր թվի 1,24%-ը:

Բոլոր հաշվառված թռչուններից ամենամեծ թիվը կազմում էին Սև փարփարները՝ 39, 709 առանձնյակ (ընդհանուր թվի  68,4%),  այնուհետև Կարմրագլուխ սուզաբադը՝ 5,955 առանձնյակ(10.3% ընդհանուր թվի): Որորներից ամենամեծ թիվը ունեին Հայկական որորները՝ 870 առանձնյակ, ընդհանուր հաշվառված թվի 1,4%-ը: Ի համեմատ անցյալ տարվա հաշվառման, տեսակների թիվը կրճատվել է 11-ով (27%), իսկ թվաքանակը 5,947-ով (9,3%):

Մենք արդեն անհամբեր սպասում ենք հաջորդ տարվան՝ ջրլող թռչուններին կրկին հաշվառելու ակնկալիքով:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը