Արփի լիճ ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա)  AM001
Վայր Շիրակի մարզ
ԿԹՏ չափանիշ A4i, B1i
Էմերալդ ցանց Ընդգրկված է
Տարածք 3,871 հա
Բարձրություն 2,010 - 2,015 մ

Տարածքի նկարագրություն: Սահմանակից լինելով Վրաստանին և Թուրքիային՝ Արփի լիճ ԿԹՏ-ն գտնվում է Հայաստանի հյուսիս արևմտյան հատվածում, Աշոցքի սարահարթում՝ 2025 մ բարձրության վրա։ ԿԹՏ-ն ընդգրկում է Արփի ջրամբարն ու նրան հարակից տարածքները: Արփին Սևանա լճից հետո հանրապետության ամենախոշոր ջրավազանն է, զբաղեցնում է ավելի քան 20 կմ2 մակերես, ջրի ծավալը կազմում է 105 մլն3 ։ Հարակից լեռնային աղբյուրները, չորս վտակները, միավորվելով Կարմրաջուր գետում, սնում են Արփի լիճը: Լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը։ Կենսամիջավայրը լեռնատափաստանային և մարգագետնային է, ճահճուտներով և խոնավ դաշտերով: Գարնանը ջրամբարը վարարում է և առաջանում են 2 կղզիներ՝ 2 և 4 հա տարածքով: Իսկ աշնանը, երբ լճի ջուրը օգտագործվում է ոռոգման նպատակով, երկու կղզիների ափերը միանում են իրար:

Կենսաբազմազանություն: Արփի լիճը իր մերձակա ճահճուտներով Ռամսարի կոնվենցիայի չափանիշներով առանձնացված միջազգային կարևորության ջրային տարածք է` կարևորվող իբրև ջրլող թռչունների կենսամիջավայր:

Արփի լիճը բնադրավայր է հանդիսանում միջազգային մակարդակով անհետացող Գանգրափետուր հավալուսնի (Pelecanus crispus), հազվադեպ հանդիպող Մոխրագույն սագի (Anser anser), Մոխրագույն կռունկի (Grus grus) համար: Ավելի քան 100 թռչնատեսակ է հանդիպում այստեղ: Այստեղ՝ 2 կղզիներում, բնադրում է Հայկական որորի (Larus armenicus) ամենամեծ գաղութը, շուրջ 7000-10000 զույգ, որը կազմում է Հայաստանի պոպուլյացիայի 60%-ը և ամենամեծն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում: Այստեղ է նաև բնադրում Մեծ մորակտցարը (Gallinago media): Տարածքը հանգրվան է հանդիսանում Սև արագիլի (Ciconia nigra), Կարմրագլուխ, Կարմրակտուց, Փուփուլավոր սուզաբադերի (Aythya ferina), (Netta rufina), (Aythya fuligula), Կարմիր, Կռնչան բադի (Tadorna ferruginea), (Anas platyrhynchos), Լուտոկի (Mergus albellus), Խայտաբադի (Tadorna tadorna), Սևավավիզ սուզակի (Podiceps nigricollis), Կվակվայի (Nycticorax nycticorax) համար:

Միգրացիոն ընթացքում բացի ջրլող թռչուններից հանգրվանում է նաև չվող գիշատիչ թռչուններին՝ Տափաստանային, Փոքր և Ճչան արծիվներին (Aquila nipalensis), (Aquila pomarina), (Aquila clanga), Մեծ և Տափասատանային ճուռակներին (Buteo buteo), (Buteo rufinus), Կարմրաոտ և Սովորական հողմավար բազեին (Falco vespertinus), (Falco tunnuculus):

Սպառնալիքները: ԿԹՏ տարածքում հիմնական սպառնալիքներն են հանդիսանում` անհանգստացման գործոնը, գարնանային անօրինական և աշնանային արտոնագրված որսը, որսագողությունը:

Բուսական և կենդանական աշխարհը: ԿԹՏ-ն աչքի է ընկնում բուսական և կենդանական աշխարհի մեծ բազմազանությամբ, որոնցից շատերը ներառված են Հայաստանի Բույսերի և Կենդանիների Կարմիր Գրքում: Հազվադեպ հանդիպող բուսատեսակներ են Խռնդատ հայաստանին (Verbascum hajastanicum), Տերեփուկ հայաստանյան (Centarea hajastana), Թրաշուշան կղմինդրաձև (Gladiolus imbricata) և Թանթրվենի տիգրանի (Sambucus tigranii), որը նաև Էնդեմիկ տեսակ է Հայաստանի համար և գրանցված է նաև Միջազգային Կարմիր Գրքում:

Կենդանական աշխարհը ներկայացված է 30 տեսակներով, որոնք համարվում են հազվադեպ կամ անհետացման եզրին գտնվող: Լճում հանդիպող ձկանատեսակներից են ծածանը (Cyprinus carpio), կարմրախայտը (Salmo trutta), խրամուլը (Capoeta capoeta capoeta): Կաթնասունները ներկայացված են հետևյալ տեսակներով` Վայրի կատու (Felis silvestris), Սովորական շնագայլ (Canis aureus), Ջրային դաշտամուկ (Arvicola terrestris) ինչպես նաև Ջրասամույր (Lutra lutra): Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի վրա են գտնվում Հայաստանի Էնդեմիկ տեսակ Դարևսկու իժի (Vipera darevskii) ապրելավայրերը:

Բնապահպանական կարգավիճակը: Ազգային. ԿԹՏ-ը ընդգրկում է իր մեջ «Արփի լիճ» ազգային պարկի հարավային և հարավ-արևմտյան հատվածները:

Միջազգային. Արփի լիճը իր մերձակա ճահճուտներով Ռամսարի կոնվենցիայի չափանիշներով առանձնացված միջազգային կարևորության ջրային տարածք է:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը