Արա լեռ ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա)  AM010
Վայր Արագածոտնի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A2, B2, B3
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 2,540 հա
Բարձրություն 1,874 - 2,571 մ

Տարածքի նկարագրություն: Արայի լեռ ԿԹՏ-ը գտնվում է երկու մարզերի՝ Արագածոտնի և Կոտայքի վարչական բաժանման սահմանին (ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, 2000-2004), ընդգրկում է Արայի լեռնային զանգվածը՝ տարածվելով 1800-2500մ բարձրության վրա: Տեղանքի հիմնական լանդշաֆտներն են լեռնատափաստանը՝ արտահայտված ժայռային զանգվածներով, լայնատերև անտառները, որոնք ծածկում են լեռնալանջերը՝ վերին սահմանում վերածվելով կեչիների նոսր անտառի, և լեռնային մարգագետինները:

Կենսաբազմազանություն: ԿԹՏ-ը բնակավայր է հանդիսանում տափաստանային, անտառային և ալպիական գոտիների թռչունների համար: Արայի լեռը հանգրվանում է Կովկասի էնդեմիկ հանդիսացող Կովկասյան մայրեհավին (Tetrao mlokosiewiczi), բնադրվայր է Կրետակերի (Pernis apivorus), միջազգային մակարդակով վտանգված Մարգահավի (Crex crex), Սպիտակախածի կեռնեխի (Tordus torquatus), Կովկասյան գեղգեղիկի (Phylloscopus sindianus) համար: Ընդհանուր առմամբ այստեղ հանդիպում են շուրջ 130 թռչնատեսակ, որոնց մեջ զգալի մաս են կազմում գիշատիչները, ինչպիսիք են՝ Մորուքավոր անգղը (Gypaetus barbatus), Քարարծիվը (Aquila chrysaetos), Սապսանը (Falco peregrinus), որոնք բնադրում են այստեղ, Սպիտակագլուխ (Gyps fulvus) և Սև անգղները (Aegypius monachus), Գիշանգղը (Neophron percnopterus), Օձակեր արծիվը (Circaetus gallicus) և Տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), Տափաստանային (Aquila nipalensis) և Ճչան արծիվները (Aquila clanga), որոնք հանդիպում են չուի ժամանակ:

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, գերարածեցումը, հացահատիկային կուլտուրաների հունձը, անտառում անասունների արածեցումը, անտառահատումը:

Բուսական և կենդանական աշխարհը: ԿԹՏ-ի բուսական և կենդանական աշխարհը շատ յուրօրինակ է: Բուսականությունը կազմում են լայնատերև անտառները՝ Կաղնի արևելյանը (Quercus macranthera), Հացենի սովորականը (Fraxsinus excelsior), վերին բարձրություններում ձևավորելով կեչու նոսր անտառ՝ Կեչի Լիտվինովի (Betula litwinowii), խոտաբույսերից հանդիպում են Թրաշուշան մուգ մանուշակագույնը (Gladiolus atroviolaceus), Սոնիճ սրապսակաթերթը (Nigella oxypetala):

Կենդանիներից այստեղ տարածված են Կովկասյան վայրի կատուն (Felis silvestris caucasica), Եվրասիական լուսանը (Lynx lynx), Սովորական աղվեսը (Vulpes vulpes), Կովկասյան սկյուռը (Sciurus anomalus), Քարակզաքիսը (Martes foina), իսկ Բեզոարյան այծը (Capra aegagrus), Հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelinii), ինչպես նաև Առաջավորասիական ընձառյուծը (Panthrea pardus saxicolor) հանդիսանում են տեղանքի հազվադեպ հանդիպող բնակիչներից:

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը