Սարդարապատ ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM011
Վայր Արմավիրի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, B1iv, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 19,363 հա
Բարձրություն 916 - 1,312 մ

Տարածքի նկարագրություն: Սարդարապատ ԿԹՏ-ը գտնվում է Արարատյան դաշտի հարավ-արևմուտքում և տարածվում է Արաքս և Ախուրյան գետերի միացման վայրից մինչև Սարդարապատի տափաստանի արևելյան հատվածը: ԿԹՏ-ն ընդգրկում է քարքարոտ օշինդրային կիսաանապատը: Գյուղատնտեսական հանդակները ներկայացված են հացահատիկային կուլտուրաների ցանքերով, մեծաթիվ այգիներով և բանջարանոցներով: Բնակչության բնակեցմանը և գյուղատնտեսական գործունեությանը համընթաց փոխվում է տեղանքի բիոտոպը, որին էլ զուգահեռ փոխվում է Սարդարապատի թռչնաշխարհի բազմազանությունը:

Կենսաբազմազանություն: Սարդարապատ ԿԹՏ-ի թռչնաբանական կարևորությունը կայանում է նրանում, որ այստեղ են բնադրում Միջազգային մակարդակով վտանգված և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մեծ արոսը (Otis tarda), Փոքր արոսը (Tetrax tetrax), Գիշանգղը (Neophron percnopterus), Ներկարարը (Coracias garullus), ինչպես նաև Իսպանական քարաթռչնակը (Oenanthe hispanica), Սևագլուխ դրախտապանը (Emberiza melanocephala), Սպիտակափոր դռլոնը (Pterocles alchata), Ավդոտկան (Burhinus oedicnemus), գարնանային միգրացիաների ժամանակ այստեղ հանդիպում են մեծ քանակությամբ Կրետակերներ (Pernis apivorus), իսկ ձմռանը մոտ դիտվում է Տափաստանային արտույտների (Melanocorypha calandra) կուտակումներ:

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, աշնանային արտոնագրված որսը, գերարածեցումը, որսագողությունը, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեությունը (պարարտանյութեր, ապրելատեղերի դեգրադացիա և այլն), տարածքի ենթակառույցների զարգացումը, հրդեհները, օգտակար հանածոների արդյունահանումը, գարնանային անօրինական/չարտոնագրված որսը:

Բուսական և կենդանական աշխարհը: Այստեղ գերիշխող տեսակ է համարվում Օշինդր բուրավետը (Artemisa fragrans), հանդիպում են նաև Վարդակակաչ երկծաղկավորը (Tulipa biflora), Հիրիկ նրբագեղը (Iris ellegantissima), Հիրիկ ցանցանմանը (Iris reticulata), Թրաշուշան մուգ մանուշակագույնը (Gladiolus atroviolaceus), Պապլորը (Muscari), ինչպես նաև հետևյալ թփերը՝ Դժնիկ Պալլասի (Rhamnus pallasii) և Փշամանդիկ փշավորը (Atraphaxis spinosa): Կենդանական աշխարհը աչքի չի ընկնում իր բազմազանությամբ: Այստեղ տարածված կենդանատեսակներն են Սովորական գայլը (Canis lupus), Սովորկան աղվեսը (Vulpes vulpes), Եվրոպական նապաստակը (Lepus europaeus), Աքիսը (Mustela nivalis), լայն տարածված է Գյուրզան (Macrovipera lebetina obtusa): ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են Լայնականջ ոզնին (Erinaceus auritus), Սովորական երկարաթև չղջիկը (Miniopterus schreibersi) և Հարավռուսական խայտաքիսը (Vormela peregusna):

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

 

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը