Գնդասար ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM013
Վայր Արարատի մարզ
ԿԹՏ չափանիշ B1iv, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 2,345 հա
Բարձրություն 1,894 - 2,873 մ

Տարածքի նկարագրություն: Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան հատվածում` 2946 մ բարձրության վրա, ծավալվում է Գնդասար լեռը, որն էլ հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր և ամենափոքր տարածքը զբաղեցնող ԿԹՏ-ը: Ստորոտից դեպի գագաթ բնական լանդշաֆտները հերթագայում են իրար` նպաստելով տարաբնույթ կենսաբազմազանության ձևավորմանը` լեռնատափաստան, մերկ ժայռային զանգվածներ, որոնք շրջապատված են սաղարթախիտ անտառի փոքր հատվածներով, ալպիական մարգագետիններ:

Կենսաբազմազանություն: Գնդասարը Հայաստանում հանդիսանում է այն եզակի վայրերից, որտեղ կարելի է հանդիպել Կովկասի էնդեմիկ Վայրի հնդկահավին (Tetraogallus caspius): Լեռնատափաստանն ու մերկ ժայռերը բնադրավայր են հազվադեպ կամ անետացման եզրին գտնվող Մորուքավոր անգղի (Gypaetus barbatus), Գիշանգղի (Neophron percnopterus), Քարարծիվի (Aquila chrisaetus), Տյուվիկի (Accipiter brevipes), Ալպիական ու Կարմրակտուց ճայերի (Pyrrhocorax graculus), (Pyrrhocorax pyrrhocorax), Ժայռային մեծ և փոքր սիտեղների (Sitta tephronota) (Sitta neumayer), Կարմրաթև սիտեղի (Tichodroma muraria) համար: Սաղարթախիտ անտառները հանգրվանում են Բվեճին (Bubo bubo), Եվրոպական բվիկին (Otus scops), Սովորական կկվին (Cuculus canorus), Անտառային աղավնուն (Columba palumbus), Անտառային արտույտին (Lullula arborea): Ավելի վեր ալպիական մարգագետինների շրջանում հանդիպում են Մարգահավը (Crex crex), Ալպիական նրբագեղիկը (Prunella collaris):

Սպառնալիքները: ԿԹՏ տարածքում սպառնացող վտանգներ են անհանգստացման գործոնը, գերարածեցումը, սմբակավորների արածեցումն անտառում, հացահատիկային կուլտուրաների հունձը, տարածքի օգտագործումը շինարարական նպատակներով:

Բուսական և կենդանական աշխարհը: Մնացորդային անտառներում գերակշռող տեսակ է հանդիսանում Արևելյան կաղնին (Querqus macranthera), որին զուգընթաց հանդիպում են հացենի, թխկի, թեղի, պիստակենի և այլ ծառատեսակներ: Այստեղ հանդիպում են նաև հետևյալ թփերը` Մտրակակոթ արևելյան (Clematis orientalis), Մտրակակոթ Սովորական (Clematis vitalba), Խաղող անտառային (Vitis sylvestris):

Կենդանական տեսակներն, որոնց կարելի է հանդիպել Գնդասարում, հանդիսանում են Բեզոարյան այծը (Capra aegagrus), Սովորական շնագայլը (Canis aureus), վտանգված առաջավորասիական ընձառյուծը (Panthera pardus saxicolor), որի համար Գնդասարը ծառայում է որպես տեղաշարժման միջանցք:

Տարածքի բնապահպանական կարգավիճակը` չի պահպանվում:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը