Նորավանք ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM014
Վայր Վայոց Ձորի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 14,002 հա
Բարձրություն 935 - 2,674 մ

Տարածքի նկարագրություն: Նորավանք ԿԹՏ-ն գտնվում է Վայոց Ձորի մարզում, որը տեղակայված է Արփա գետի ավազանում: Արփայի և նրա վտակների ջրերը մարզում, ինչպես նաև ԿԹՏ տարածքում առաջացրել են բազմաթիվ մանր ու միջին մեծության ձորակներ, կիրճեր ու խորխորատներ: ԿԹՏ տարածքը ձգվում է Գնիշիկ գետի երկայնքով` տարածվելով պետական սահմանից մինչև Արփա գետը: Այն շրջափակվում է Վայքի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով, որի ամենաբարձր գագաթը համարվում է Հարսնաքարը: Տեղակայված լինելով 1200-2700 մ բարձրության վրա՝ տարածքը ներառում է լանդշաֆտների մեծ բազմազանություն՝ կիսաանապատ, լեռնային տափաստան՝ արտահայտված բազմաթիվ ժայռային զանգվածներով, գիհու նոսր անտառներ, ինչպես նաև փոքրաթիվ տարածքներ, որոնք հիմանականում ներկայացված են արոտավայրերի տեսքով:

Կենսաբազմազանություն: Շնորհիվ բարդ ռելիեֆի, յուրահատուկ աշխարհակենսաբանական, կլիմայական պայմանների և լանդշաֆտային բազմազանության՝ Նորավանք ԿԹՏ-ն առանձնանում է թռչնատեսակների մեծ բազմազանությամբ: Այստեղ կարելի է հանդիպել Հայաստանի տարածքում գրանցված առավել քան 350 թռչնատեսակներից շուրջ 190-ին (56%), որոնցից ավելի քան 80-ը ամռանհյուր է, մոտ 70-ը նստակյաց, իսկ 50-ից ավելի տեսակներ հանդիպում են որպես հյուր միգրացիայի և ձմռան ընթացքում:

Տարածքը կարևոր է հատկապես տափաստանային և լեռնային լանդշաֆտների թռչնատեսակների համար՝ ինչպես բնադրման, այնպես էլ միգրացիոն շրջանում: Այստեղ բնադրվում են Միջազգային Կարմիր Գրքում գրանցված այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Քարարծիվը (Aquila chrysaetos), Մորուքավոր անգղը (Gypaetus barbatus), Սև ագռավը (Corvus corax), Սապսանը (Falco peregrinus), Ալպիական ճայը (Pyrrhocorax graculus): Լեռնատափաստանը ուրույն բնակատեղի է Ներկարարի (Coracias garrulus) համար: Ժայռային զանգվածների առկայությունը բնադրման բարենպաստ պայմաններ են ընձեռում Սպիտակագլուխ անգղին (Gyps fulvus), Միջերկրածովյան բազեին (Falco cherrug), Բվեճին (Bubo bubo): Գարնանային և աշնանային միգրացիաների շրջանում այստեղով են անցնում Տափաստանային և Մարգագետնային մկնաճուռակները (Circus macrourus), (Circus pygargus), Տափաստանային հողմավար բազեն (Falco naumanni), Տափաստանային արծիվն (Aquila nipalensis) ու Կայսրարծիվը (Aquila heliaca), երբեմն նաև Ճչան արծիվը (Aquila clanga): Արփա գետի կիրճով ձգվող բարձրաբուն ծառերի մոզաիկ կուտակումները բնադրավայր են հանդիսանում Եվրոպական ճնճղաճուռակի (Accipiter brevipes), Արտույտաբազեի (Falco subbuteo) համար, որոնք նաև բնադրում են բարդու և ընկուզենու վրա հարակից գյուղերում: Այս անտառանման հատվածը հյուրընկալում է Ճոճահավին (Remiz pendulinus) և հանդիսանում է Կիսասպիտակավիզ ճանճորսի (Ficedula semitorquata) հանդիպման վայրերից մեկը: Գետի կիրճը, ինչպես նաև նրան հարող մշակովի դաշտերն ու արոտավայրերը միգրացիայի ժամանակ հանգստի և սնման տեղ են հանդիսանում Տափաստանային և Մարգագետնային մկանճուռակների, Կանաչ մեղվակերի (Merops persicus) համար, իսկ Հայկական որորի (Larus armenicus) չբնադրվող առանձնյակներին կարելի է տեսնել մշտապես: Ձմռան ընթացքում այստեղ երբեմն կարելի է հանդիպել նաև Սպիտակ մեծ տառեղի (Ardea alba): Տարածքի ժայռոտ հատվածում՝ ցածր և միջին բարձրությունների վրա, ֆրիգանոիդ բուսականության մեջ հանդիպում են Կարճամատ ճնճղուկի (Carpospiza brachydactyla), Երգող շահրիկի (Sylvia hortensis), Ժայռային դրախտապանի (Emberiza buchanani) պոպուլյացիաներ: Նույն հատվածում առավել բարձր բարձրությունների վրա ձմեռում է Կովկասի համար էնդեմիկ Կասպիական ձնահավը (Tetraogallus caspius):

Սպառնալիքները: Ամենաշատ տարածված սպառնալիքներն են հանդիսանում անհանգստացման գործոնը (վայրի բուսականության հավաքում), հացահատիկային կուլտուրաների հունձը, ակտիվ ընթացող գյուղատնտեսական պրոցեսները, հրդեհները, ռեկրեացիոն ծանրաբեռնվածությունը, անկառավարելի տուրիզմը, մելիորացիան, սմբակավորների գերարածեցումը:

Բուսական և կենդանական աշխարհը: Տարածքն առանձանում է հազվագյուտ և էնդեմիկ բուսատեսակներով, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում` գիհի բազմապտուղ (Juniperus excelsa), մասրենի կիսագնդաձև (Rosa haemisphaerica), եղեսպակ գրոսհեյմի (Salvia Grossheimii), սոխ ակակա (Allium akaka), Զանգակածաղիկ կարակուշին (Campanula karakuschensis), մեխակ մանրածաղիկ (Dianthus parviflorus), ցորեն վայրի միահատիկ (Triticum boeoticum) և այլն: Խոտաբույսերի մեջ զգալի մաս են կազմում դեղաբույսերը: Կենդանական աշխարհը նույնպես ներկայացված է հազվագյուտ և անհետացող տեսակներով, ինչպիսիք են առաջավոր ասիական ընձառյուծը (Panthera pardus saxicolor), որի համար տարածքը հանդիսանում է տարանցիկ միջանցք, Բեզոարյան այծը (Capra aegagrus), Հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelinii) (այստեղ է հանդիպում ամենամեծ պոպուլյացիան), Գորշ արջը (Ursus arctos), Հնդկական մացառախոզը (Hystrix indica), հայկական իժը (Vipera raddei), անդրկովկասյան սահնօձը (Elaphe hohenackeri), երկարաոտ սցինկը (Eumeces schneideri), ոսկեգույն մաբույանը (Trachylepis aurata): Նորավանքի հպարտությունն է համարվում Մագիլի քարանձավը, որն ապաստան է շուրջ 700 չղջիկների համար:

Տարածքի բնապահպանական կարգավիճակը` չի պահպանվում:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը