Ջերմուկ ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM015
Վայր Վայոց Ձորի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, B2, B3
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 9,467 հա
Բարձրություն 1,369 - 2,685 մ

Տարածքի նկարագրություն: Ջերմուկ ԿԹՏ-ը ձգվում է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան թեքությամբ` ներառելով Ճաղատասարի լեռնագագաթն ու Ջերմուկի Արփա գետի կիրճը: Գտնվելով 1400-2500 մ բարձրության վրա` ԿԹՏ-ը տարածվում է հետևյալ լանդշաֆտներով` կիսաանապատ, լեռնատափաստան՝ հարուստ արտահայտված ժայռային զանգվածներով, գիհու նոսր անտառներ, լայնատերև ու փշատերև անտառներ: Գյուղատնտեսական հանդակները հիմնականում ներկայացված են հացահատիկային կուլտուրաների ցանքերով և ոչ մեծաթիվ այգիներով:

Կենսաբազմազանություն: ԿԹՏ-ը կարևորվում է որպես բնադրավայր միջազգայնորեն վտանգված այնպիսի թռչնատեսակների համար, ինչպիսիք են Գիշանգղը (Neophron percnopterus), Մարգահավը (Crex crex), Ներկարարը (Coracias garrulus), Կիսասպիտակավիզ ճանճորսը (Ficedula semitorquata), հանդիսանում է այն սահմանափակ տարածքներից և կենսույթներից մեկը, որտեղ բնադրում են Կովկասյան գեղգեղիկը (Phylloscopus sindianus), Տյուվիկը (Accipiter brevipes), Սևախայտ քարաթռչնակը (Oenanthe hispanica), Ժայռային մեծ և փոքր սիտեղները (Sitta tephronota), (Sitta neumayer), Ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis): Այստեղ են բնադրում նաև Մորուքավոր անգղը (Gypaetus barbatus), Քարարծիվը (Aquila chrysaetos), Օձակեր արծիվը (Circaetus gallicus), Մարգագետնային մկնաճուռակը (Circus pygargus), Սապսանը (Falco peregrinus), Քարակաքավը (Alectoris chukar), Այծկիթը (Caprimulgus europaeus), Խայտաբղետ փայտփորը (Dendrocopos major), Սպիտակախածի կեռնեխը (Turdus torquatus), Կարմիր բադը (Tadorna ferruginea), ինչպես նաև հանդիպում են Կասպիական ձնահավը (Tetraogallus caspius), Մոխրագույն կռունկը (Grus grus), Սպիտակ մեծ տառեղը (Casmerodius albus), Մոխրագույն սագը (Anser anser):

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, աշնանային օրինական որսը, խոտհունձը, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեությունը (պարարտանյութեր, ապրելատեղերի դեգրադացիա և այլն), անտառում անասունների արածեցումը, անտառահատումը, տարածքի ենթակառույցների զարգացումը, ռեկրեացիոն ճնշումը:

Բուսական և կենդանական աշխարհը: Ջերմուկը աչքի է ընկնում իր հարուստ բուսականությամբ և խիտ անտառների առկայությամբ: Հատկանշական է այն փաստը, որ լայնատերև անտառների կազմի մեջ են մտնում վայրի պտղատու ծառեր, ինչպիսիք են Խնձորենի կովկասյանը (Malus orientalis), Սալորենի սովորականը (Prunus divaricata), Բալենի մահալեբյանը (Cerasus mahaleb), Բալենի ալեհերը (Cerasus incana), թփերից` Նշենի ֆենցլիին (Amygdalus fenzliana): Անտառներում հանդիպող կենդանատեսակներից են Գորշ արջը (Ursus arctos), Անտառային կատուն (Felis silvestris), Սովորական աղվեսը (Vulpes vulpes), Սովորական շնագայլը (Canis aureus), Եվրասիական լուսանը (Lynx lynx), Կովկասյան սկյուռը (Sciurus anomalus): Արփա գետում հանդիպում են Հայկական արագաշարժ (Alburnoides bipunctatus), Քուռի կողակ (Capoeta capoeta capoeta), Քուռի բեղլու (Barbus lacerta cyri), Քուռի լերկաձուկ (Barbatula brandti), Մուրծա (Barbus mursa):

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը