Գորայք ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM016
Վայր Սյունիքի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 5,923 հա
Բարձրություն 1,551 - 3,008 մ

Տարածքի նկարագրություն: Գորայք ԿԹՏ-ը սկսվում է Վայոց Ձորի մարզի սահմանից, ձգվում է Սիսիանի սարահարթի արևմտյան հատվածով, Որոտանի լեռնանցքով մինչև Սպանդարյանի ջրամբարը՝ ընդգրկելով ջրամբարի վերին հատվածը: ԿԹՏ-ն արևմուտքից եզրավորում է Զանգեզուրի լեռնաշղթան, իսկ ԿԹՏ-ով հոսում է Որոտան գետը: Այստեղ գերիշխող լանշաֆտներն են լեռնային տափաստաններն ու լեռնային մարգագետինները, աննշան արտահայտված ժայռային գոյացություններով: Գյուղատնտեսական հանդակները հիմնականում ներկայացված են հացահատիկային կուլտուրաների ցանքերով և խոտհարքներով:

Կենսաբազմազանություն: Թռչնաբանական տեսանկյունից Գորայքը կարևորվում է Տափաստանային հողմավար բազեի (Falco naumanni) պոպուլյացիայի առկայության առումով: Հայաստանում Գորայքն այն միակ վայրն է, որի տարածքում բնադրում է Տափաստանային հողմավար բազեն: Սակայն ԿԹՏ-ը բնադրավայր է բազմաթիվ թռչունների համար, ինչպես ջրային, այնպես էլ գիշատիչների համար: Այստեղ որպես բնադրող տեսակի կարելի է հանդիպել Կարմիր բադին (Tadorna ferruginea), Մարգահավին (Crex crex), Մորուքավոր անգղին (Gypaetus barbatus), Քարարծիվին (Aquila chrysaetos), Տափաստանային ճուռակին (Buteo rufinus), Սովորական հողմավար բազեին (Falco tinnunculus), նաև Ժայռային փոքր սիտեղին (Sitta neumayer) և Ձյան ճնճղուկին (Montifringilla nivalis): Չուի ժամանակ այստեղ հանդիպում են Մոխրագույն սագը (Anser anser), Խայտաբադը (Tadorna tadorna), Սուլող մրտիմնը (Anas crecca), Նետապոչ բադը (Anas acuta), Գիշանգղը (Neophron percnopterus), Սպիտակագլուխ (Gyps fulvus) և Սև անգղները (Aegypius monachus), Օձակեր արծիվը (Circaetus gallicus), Կարմրաոտ բազեն (Falco vespertinus), իսկ թփուտները գրավում են Կիսասպիտակավիզ ճանճորսին (Ficedula semitorquata):

Սպառնալիքները: Հիմնական սպառնացող վտանգներն են հանդիսանում անհանգստացման գործոնը, աշնանային որսը (օրինական), հացահատիկային կուլտուրաների հունձը, ինտենսիվ գյուղատնտեսությունը (պարարտանյութեր, ապրելատեղերի դեգրադացիա և այլն), հրդեհները, օգտակար հանածոների արդյունահանումը:

Բուսական և կենդանական աշխարհը: ԿԹՏ-ն աչքի չի ընկնում հարուստ բուսականությամբ և կենդանական բազմազանությամբ: Քանի որ տարածքը ներառում է հիմնականում երկու լանդշաֆտային գոտի՝ լեռնային մարգագետիններ և լեռնային տափաստաններ, ապա բուսածածկը ներկայացված է միայն խոտաբույսերով, որոնց մեջ աչքի են ընկնում դեղաբույսերը՝ Խնկածաղիկ սովորական (Oliragrium vulgare), Եղեսպակ (Salvia sclarea), Շրեշ հրաշալի (Eremurus spectiabilis): Կենդանիներից այստեղ հանդիպում են Մոխրագույն գայլը (Canis lupus), Սովորական աղվեսը (Vulpes vulpes), Գորշուկը (Meles meles), Քարակզաքիսը (Martes foina), Աքիսը (Mustela nivalis), Սովորական (Microtus arvalis) և Ձյան (Chionomys nivalis) դաշտամկները, Անդրկովկասյան գորտը (Rana macrocnemis), Լեռնատափաստանային իժը (Vipera eriwanensis), Կարմրախայտը (Salmo trutta) և հարթաքիթ չղջիկների (Vespertilionidae) ընտանիքին պատկանող երկու տեսակի չղջիկներ:

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

 

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը