Մեղրի ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM018
Վայր Սյունիքի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A2, A3, B2, B3
Էմերալդ ցանց  Ընդգրկված չէ
Տարածք 33,331 հա
Բարձրություն 415 - 3,159 մ

Տարածքի նկարագրություն: ԿԹՏ-ը տարածվում է Մեղրիի լեռների կենտրոնական հատվածով` դեպի հարավ ձգվելով Արաքս գետի ափերից մինչև ջրաբաժանումը, իսկ հյուսիսում ընդգրկում է Բաղացսար և Խուստուփ լեռները: ԿԹՏ-ն տարածվում է 400-3200մ բարձրության վրա հետևյալ լանդշաֆտներով` կիսաանապատ, գիհու նոսր անտառներ, լայնատերև անտառներ, լեռնատափաստան, լեռնային մարգագետիններ: Հարուստ կերպով ներկայացված են ժայռային զանգվածներն ու ողողադաշտային անտառները (ջրային, գետային համակարգերի մոտ աճող, մերձափնյա անտառներ): Գյուղատնտեսական հանդակները ներկայացված են այգիներով և ոչ մեծաթիվ հացահատիկային կուլտուրաների ցանքերով:

Կենսաբազմազանություն: Տարածքն առանձնանում է հատկապես նրանով, որ այն բնադրավայր է հանդիսանում միջազգային մակարդակով վտանգված Կովկասյան մայրեհավի (Tetrao mlokosiewiczi), Մարգահավի (Crex crex), Ներկարարի (Coracias garrulus), Կիսասպիտակավիզ ճանճորսի (Ficedula semitorquata) համար: Այստեղ ընդհանուր առմամբ բնադրում են շուրջ 200 թռչնատեսակ, որոնց մեջ առանձնանում են գիշատիչները իրենց բազմազանությամբ: Այդ տեսակներից են Մորուքավոր անգղը (Gypaetus barbatus), Գիաշանգղը (Neophron percnopterus), Սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), Կրետակերը (Pernis apivorus), Քարածիվը (Aquila chrysaetos), Օձակեր արծիվը (Circaetus gallicus), Փոքր արծիվը (Aquila pomarina), Գաճաճ արծիվը (Hieraaetus pinnatus), Տափաստանային արծիվը (Aquila nipalensis), Կայսրարծիվը (Aquila heliaca), Տյուվիկը (Accippiter brevipes), Սապսանը (Falco peregrinus), իսկ Սպիտակապոչ արծիվը (Haliaeetus albicilla) ձմեռում է: Այստեղ որպես բնադրող տեսակ կարելի է հանդիպել Կասպիական ձնահավին (Tetraogallus caspius), Թուրաջին (Francolinus francolinus), Քարակաքավին (Alectoris chukar), Բվեճին (Bubo bubo), Ալպիական ճային (Pyrrhocorax graculus):

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, աշնանային օրինական որսը, գերարածեցումը, խոտհունձը, որսագողությունը, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեությունը (պարարտանյութեր, ապրելատեղերի դեգրադացիա և այլն), անտառում անասունների արածեցումը, անտառահատումը, տարածքի ենթակառույցների զարգացումը, հրդեհները, օգտակար հանածոների արդյունահանումը:

Բուսական և կենդանական աշխարհը: Լայնատերև անտառների բաղադրիչ բուսատեսակներն են Կաղնի խոշորառէջը (Quercus macranthera), Կաղնի վրացականը (Quercus iberica), Բոխի արևելյանը (Caprinus orientalis), Նռենի սովորականը (Punica granatum) Հիրիկ կովկասյանը (Iris caucasica), Հիրիկ տարօրինակը (Iris paradoxa), Հիրիկ Գրոսհեյմին (Iris grossheimii), Թրաշուշան մուգ մանուշակագույնը (Gladiolus atroviolcaeus), Թրաշուշան իտալականը (Gladiolus italicus), Վաղենակ պարսկականը (Calendula persica), որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Այստեղ կարելի է հանդիպել Եվրասիական լուսան (Lynx lynx), Անտառային կատու (Felis silvestris), Կովկասյան սկյուռ (Sciurus anomalus): Եվ շատ հազվադեպ կարելի է հանդիպել առաջավորասիական ընձայռուծին (Panthrea pardus saxicolor), որը իր տեղաշարժման համար նախընտրում է լեռներով անցնող ճանապարհները:

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը