Գանգրափետուր հավալուսն

Pelican GCCWԳանգրափետուր հավալուսնը համարվում է հազվագյուտ տեսակ, որը Հայաստանի տարածքում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճի տարածքում և Արմաշի ձկնաբուծական լճակներում:

Գանգրափետուր հավալուսնը բնութագրվում է իր կարմրա-նարնջագույն կտուց-պարկով, թևատակի մասամբ սպիտակ հատվածով, ինչպես նաև գագաթի և վզի հետին մասի գանգուր փետուրներով: Տեսակը գրանցված է որպես խոցելի Բնության պահպանման միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում, և որպես վտանգված Հայաստանի Կարմիր գրքում: Գանգրափետուր հավալուսնի միակ բնադրող պոպուլյացիան Հայաստանում գտնվում է Արփի լճում, որտեղ նրանք բնադրում են կղզիներից մեկում ոչ կանոնավոր կերպով (սպորադիկ):

Մինչև 1980-ականների վերջը Հայաստանում Գանգրափետուր հավալուսնը հայտնի չէր որպես բնադրող տեսակ, թեև ամռան ամիսներին նկատվում էին Արաքս գետի հովտի բոլոր խոշոր ջրամբարներում: Այն բանից հետո, երբ Արփի լիճը վերածվեց ջրամբարի, ջրի մակարդակի բարձրացման հետևանքով Արփի լճում առաջացան երկու կղզյակներ, որոնցից մեկը դարձավ Գանգրափետուր հավալուսնի բնադրավայր: Բնադրող զույգերի քանակը կախված տարվանից տատանվում է 2-6 սահմաններում:

2007թ.-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը նախաձեռնեց Արփի լճում բնադրող պոպուլյացիայի ուսումնասիրությունները, որի արդյունքում պարզ դարձան բնադրմանը սպառնացող հիմնական վտանգները` բնադրման ընթացքում ձկնորսների կողմից անհանգստացման գործոնը և երիտասարդ առանձնյակների ձկնորսական ցանցերի մեջ խճճվելու հանգամանքը: Հետևաբար ՀԹՊՄ-ն Արփի լիճ ԿԹՏ-ում իրականացրեց մի շարք աշխատանքներ տեղական մակարդակով բարձրացնելու վտանգված այս թռչտեսակի մասին տեղեկացվածությունը ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ հողօգտագործողների շրջանակներում:

Ելնելով Արփի լճում Գանգրափետուր հավալուսնի ոչ կանոնավոր բնադրումից` անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ երեք սահմանային գոտիներում` Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Սահմանային խոշոր լճերը, որոնք միմյանց գտնվում են հարաբերականորեն մոտ տարածության վրա, Գանգրափետուր հավալուսնին թույլ են տալիս հավաքվել այդ երեք լճերից որևէ մեկում: Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել բնադրող բոլոր գաղութները և բնադրման հաջողությունը, որն էլ իր հերթին թույլ կտա առավել լավ պատկերացնելու Գանգրափետուր հավալուսնի էկոլոգիան այս տարածաշրջանում: Դժբախտաբար սահմանային հետազոտությունների համար նախատեսված ֆինանսավորման պակասը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներուժի սահմանափակ լինելը, հատկապես այս տարածաշրջանում, խոչընդոտ են հանդիսանում նմանատիպ ուսումնասիրությունների իրականցման համար:

 

Գանգրափետուր հավալուսնին սպառնացող վտանգները

Արփի լճում հավալուսնի բազմացման շրջանում հիմնական սպառնալիքը հանդիսանում է ձկնորսությունը: Ձկնորսները հաճախ օգտագործում են այն կղզին, որտեղ բնադրում են թռչունները, ինչն էլ անհանգստացնում է թռչուններին և դեգրադացիայի ենթարկում նրանց բնադրավայըր: Լճի ամբողջ շրջակայքով մեկ տարածված ցանցերի պատճառով հավալուսնի ձագերը հայտնվում են այդ ծուղակներում, որն էլ բարձրացնում է նրանց մահացության աստիճանը: Անհրաժեշտ է, որ պատկան մարմինները պահանջեն հատուկ լողացող զսպաններ ցանցերի վրա, թույլատրեն ձկնորսությունը և տրամադրեն ձկնորսական լիազորագրերը միայն բազմացման շրջանի ավարտից հետո:

 

Բնակավայրի ընտրություն

Lake Arpi

Գանգրափետուր հավալուսնը նախընտրում է բաց, խորը ջրային տարածքներ՝ զուրկ բուսական ծածկույթից, սակայն կարող է հանդիպել նաև ծանծաղոտ ջրային տարածքներում՝ ծածկված բուսականությամբ: Գանգրափետուր հավալուսնը հանդիպում է Սևանա և Արփի լճերում, ինչպես նաև Ախուրյանի ջրամբարի ավազանում: Այս տեղանքները ապահովում են հարմարավետ խոր և բաց ջրային տարածքներ, որտեղ թռչունները հաճախակի են հանդիպում: Արմաշի ձկնաբուծական լճակները նույնպես հանդիսանում են հավալուսնների հավաքատեղի, հատկապես ամռան ամիսներին՝ չնայած լճակների ծանծաղոտ լինելուն:

 

Էկո-կրթություն և տեղեկացվածության բարձրացում

Տեղական համայնքները մեծ դեր են խաղում Գանգրափետուր հավալուսնի շարունակական ներկայությունը նրանց բնադրավայրում և ամառային հավաքատեղիներում  ապահովելու գործում: 2006թ-ից ի վեր մենք ամեն տարի այցելում ենք Շիրակի մարզի Արփի լճին հարող տեղական 10 համայնքների դպրոցներ՝ տեղեկացնելով իրենց այս տեսակի և նրա էկոլոգիական դերի մասին:

Տեղական համայնքների հետ կապը Արփի լճի շրջակայքում իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում Արփի լիճ ԿԹՏ-ի խնամակալի միջոցով, ով կապ է ստեղծում ձկնորսների, որսորդների, գյուղացիների և նրանց դպրոցական երեխաների հետ`պարբերաբար տեղեկացնելով նրանց այս վտանգված թռչնատեսակի կարգավիճակի մասին:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը