Տաշիր ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա)
AM007
Վայր Լոռու մարզ
ԿԹՏ չափանիշ A1, B1iv, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 17,948 հա
Բարձրություն 1,413 - 1,714 մ 

Տարածքի նկարագրություն: Տարածքն ընդգրկում է Ստեփանավան քաղաքի շրջակայքը, տարածվում է հյուսիս` հասնելով Վրաստանի հետ պետական սահմանին: Տեղակայված է Լոռվա սարահարթում` 1400-1800 մ բարձրության վրա: ԿԹՏ-ն արևմուտքից եզրավորվում է Ջավախքի լեռնաշղթաներով: Տարածքով հոսում է Ձորագետի վտակներից Տաշիրը: ԿԹՏ-ն ներառում է մանր ու միջին չափի ցրված հնագույն լճեր, ջրաճահճային տարածքներ ու ճահճուտներ, խոնավ մարգագետիններ, արհեստական տնկարկներ, սոճու, լայնատերև, խառը տիպի անտառներ, ինչպես նաև ալպյան արոտավայրեր, ընդգրկելով երկու տիպի լանդշաֆտներ՝ լեռնատափաստան և ալպյան մարգագետիններ:

Կենսաբազմազանություն: Թռչնաբանական տեսանկյունից տարածքը կարևորվում է նրանով, որ ջրային տարածքներն ու ճահճուտները մասսայական ձմեռման վայր են բազմաթիվ ջրաճահճային թռչունների համար` Սպիտակ մեծ տառեղի (Ardea alba), Մոխրագույն տառեղի (Ardea cinerea), Թշշան ու Ճչան կարապների (Cygnus cygnus) (Cygnus olor), Կարմիր բադի (Tadorna ferruginea), Սուլող և Ճքճքան մրտիմնների (Anas crecca) (Anas querquedula), Կարմրագլուխ, Կարմրակտուց, Փուփուլավոր սուզաբադերի (Aythya ferina), (Netta rufina), (Aythya fuligula), Լուտոկի (Mergus albellus), Ծվվան սագի (Anser erythropus), որը անհետացման վտանգի տակ է ինչպես Հայաստանում, այնպես էլ Կովկասում: Ջրաճահճային այս տարածքները կարևորագույն բնադրավայր են հանդիսանում Փոքր, Մեծ և Մոխրաայտ սուզակների համար (Tachybaptus ruficollis), (Podiceps cristatus), (Podiceps grisegena) և բարենպաստ պայմաններ են ստեղծում Մոխրագույն կռունկի (Grus grus) բնադրման համար, որը վտանգված տեսակ է Հայաստանում: Տաշիրը իր լեռնատափաստանային և ալպյան մարգագետնային կենսամիջավայրով միգրացիաների ընթացքում (և ոչ միայն) հանգրվան է հանդիսանում ինչպես ջրաճահճային, այնպես էլ գիշատիչ` Մեծ, Տափաստանային, Թավշաոտ ճուռակներ (Buteo buteo), (Buteo rufinus), (Buteo lagopus), Քարարծիվ (Aquila chrysaetos), Գաճաճ արծիվ (Hieraaetus pennatus), Սպիտակագլուխ և Սև անգղեր (Gyps fulvus), (Aegypius monachus), Տափաստանային ու Ճահճային մկնաճուռակներ (Circus macrourus), (Circus aeruginosus), և ճնճղուկազգի՝ Կարմրակատար (Carduelis carduelis), Ազնվասարեկ (Carduelis spinus), Սովորական սերինոս (Fringilla montifringilla), Ամուրիկ (Fringilla coelebs), Դաշտային ճնճղուկ (Passer montanus) և այլն, թռչունների համար: Ընդհանուր առմամբ ասյտեղ հանդիպում են շուրջ 245 թռչնատեսակ, ինչպես բնադրման, այնպես էլ միգրացիայի և ձմեռման ժամանակ:

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, գերարածեցումը, հացահատիկային կուլտուրաների հունձը, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեությունը (կենսամիաջավայրի դեգրադացիա), գարնանային անօրինական և աշնանային օրինական որսը, ձկնորսությունը, որսագողությունը, տարածքի օգտագործումը շինարարական նպատակներով:

Բուսական և կենդանական աշխարհը: Բուսական աշխարհը` անտառաշերտը, հիմնականում կազմում են Կովկասյան սոճին (Pinus sosnovskyi), Կովկասյան բոխին (Carpinus caucasica), Արևելյան կաղնին (Quercus macranthera), Բարձրալեռնային թխկին (Acer trautvetterii), Արևելյան հաճարենին (Fagus orientalis), Սովորական արոսենին (Sorbus aucuparia): Խոտածածկի տարրերից հանդիպում են խոլորձի տարբեր տեսակներ, Թրաշուշան կովկասյան (Gladiolus caucasicus), Թրաշուշան ջավախքյան (Gladiolus dzhavakheticus), Բոգ ցրտակայուն (Gentiana gelida), Շուշան Շովիցի (Lilium szovitsianum), Զիվան հսկայական (Cephalaria gigantean):

Կաթնասուններից այստեղ հանդիպում են Այծյամ (Capreolus capreolus), Սովորական աղվես (Vulpes vulpes), Սովորական շնագայլ (Canis aureus), Գորշուկ (Meles meles), Աքիս (Mustela nivalis), նաև Մոխրագույն գայլ (Canis lupus) և Եվրասիական լուսան (Lynx lynx), որոնց հազվադեպ, բայց կարելի է հանդիպել այս տարածքներում:

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

 

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը