Հաղարծին ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM009
Վայր Տավուշի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A2, A3, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 6,137 հա
Բարձրություն 1,199 - 2,472 մ

Տարածքի նկարագրություն: Հաղարծին ԿԹՏ-ը ներառում է Աղստև գետից հյուսիս ընկած տարածքը մինչև Իջևանի լեռնաշղթայի ջրբաժանը` իր մեջ ընդգրկելով Իջևան լեռը, 10-13րդ դարերի Հաղարծին վանական համալիրը և Դիլիջան ազգային պարկի մի մասը: Տարածվելով ծովի մակարդակից 1100-2500 մ բարձրությունների վրա` տեղանքի բնապատկերը ներկայացված է սաղարթախիտ անտառներով, լեռնային մարգագետիններով, ժայռային զանգվածներով: Մշակովի տարածքները ներկայացված են քիչ քանակությամբ պտղատու այգիներով: ԿԹՏ տարածքով հոսում է Հաղարծին գետը, միանում է Աղստևին, որի եզրագծով է անցնում ԿԹՏ սահմանը: Բարեխառն տաք և խոնավ կլիմայով բնորոշվող այս տարածքը աչքի է ընկնում իր սաղարթախիտ անտառներով:

Կենսաբազմազանություն: Շնորհիվ բնակլիմայական պայմանների և լանդշաֆտային առանձնահատկությունների, տեղանքում հանդիպում են ավելի քան 140 թռչնատեսակ: Այս թռչնատեսակներից առավել հատկանշական են գիշատիչները: Ի համեմատ Հայաստանի մյուս տարածքներում բնադրող գիշատիչների քանակական տարածվածության Հաղարծինը հանդիսանում է կարևորագույն բնադրավայր: Այստեղ են բնադրում Սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), Գիշանգղը (Neopheron percnopterus), Կրետակերը (Pernis apivorus), Տյուվիկը (Accipiter brevipes), Քարարծիվը (Aquila chrysaetos), Գաճաճ և Փոքր արծիվները (Hieraaetus pennatus), (Aquila pomarina) և հազվադեպ հանդիպող Սապսանը (Falco peregrinus): Այստեղ են բնադրում միջազգային կարևորություն ունեցող, վտանգված Մարգահավը (Crex crex) և Կիսասպիտակավիզ ճանճորսը (Ficedula semitorquata), ինչպես նաև բնադրում են Ժուլանը (Lanius collurio), Ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis), Ամուրիկը (Fringilla coelebs), Սևագլուխ դրախտապանը (Emberiza melanocephala), ձմեռում է Սովորական սերինոսը (Fringilla montifringilla): Սակայն այս տարածքի պարծանքն են այստեղ բնադրող, միջազգային մակարդակով վտանգված Կասպիական ձնահավը (Tetraogallus caspius) և Կովկասի տարածաշրջանի էնդեմիկ՝ Կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiczi):

Սպառնալիքները: Հիմնական սպառնացող վտանգներն են հանդիսանում անհանգստացման գործոնը, գերարածեցումը, անտառում սմբակավորների արածեցումը, տարածքի օգտագործումը շինարարական նպատակներով, ռեկրեացիոն ծանրաբեռնվածությունը:

Բուսական և կենդանական աշխարհը: Հաղարծին ԿԹՏ-ը հարուստ է իր բազմազան բուսականությամբ և կենդանական աշխարհով:

Սաղարթախիտ անտառների բնորոշ ծառատեսակներն են՝ Կաղնի արևելյան (Quercus macranthera), Կաղնի վրացական (Quercus iberica), Հաճարենի արևելյան (Fagus orientalis), Բոխի սովորական (Carpinus betulus), Հացենի սովորական (Fraxinus excelsior), ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված Թխկի Տրաուտվետտերի (Acer trautvetteri): Բնորոշ թփերն են Մասրենի շնային (Rosa canina), Մոշենի սովորական (Rubus idaetus), Դրախտածառ սովորական (Cotinus coggygna), Տխլենի սովորական (Corylus avellana):

Տարածքի հիմնական կենդանատեսակներն են Գորշ արջը (Ursus arctos), Գորշ գայլը (Canis lupus), Անտառային կատուն (Felis silvestris), Եվրասիական լուսանը (Lynx lynx), Ջրասամույրը (Lutra lutra), Այծյամը (Capreolus capreolus), Սովորական աղվեսը (Vulpes vulpes): Ձկներից առավել շատ հանդիպում են Կարմրախայտ (Salmo trutta), Կողակ (Capoeta capoeta capoeta), Կարաս (Carassius carassius), երկկենցաղներից տարածված են Կանաչ դոդոշը (Bufo viridis), Լճագորտը (Rana ridibunda), իսկ սողուններից հանդիպող Հայկական իժը (Vipera raddei) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և հանդիսանում է էնդեմիկ տեսակ:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը