Դսեղի կենտրոն

  • «Որսորդներն» ընդդեմ «բնապահպանների». Չվող թռչունների միջազգային օր

    DSC 0165Մայիսի 10-ը Չվող թռչունների միջազգային օրն է: Յուրաքանչյուր տարի Հայաստանի թռչունների պահպանման միությունը միանում է աշխարհին և նշում է այս օրը՝ կազմակերպելով տարբեր բնույթի միջոցառումներ: Այս տարի մենք, ինչպես և BirdLife International ընկերակցության մեր գործընկերները, միացանք «Ոչ ապօրինի որսին, որսագողությանը և առևտրին» խորագրով համաշխարհային շարժմանը:

    Ըստ Բնության պահպանության միջազգային միության՝ «Որսագողությունը» բնորոշվում է որպես «ապօրինի որս»-ի տեսակ: Այս երևույթը, ցավոք, տարածված է ողջ աշխարհով մեկ՝ այդ թվում նաև Հայաստանում:

    DSC 0151

    Մեր թիմը որոշեց պայքարել այս երևույթի դեմ կրթության միջոցով: Մայիսի 10-ին Դսեղի Բնության և այցելուների կենտրոնում երկու դպրոցների աշակերտների համար կազմակերպվեց ապօրինի որսի, որսագողության և առևտրի թեմային նվիրված բազմաբովանդակ դասընթաց:

    Աշակերտները ծանոթացան այս խնդրի ընդհանուր նկարագրությանը, ծանոթացան նաև թռչունների չուի համար խոչընդոտ հադիսացող երևույթներին, ինչպես նաև իրենց հետ քննարկվեցին որսորդների համար գումար վաստակելու մի շարք այլընտրանքային մեթոդներ, որոնք կնպաստեն թռչունների ապօրինի որսի վերացմանը թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում:

    DSC 0171Օրվա ամենաթեժ մասը կազմեց դերային խաղը: Դպրոցականները բաժանվեցին երկու խմբերի՝ «որսորդների» և «բնապահպանների», և փորձեցին պաշտպանել իրենց դիրքորոշումը ապօրինի որսի, որսագողության և առևտրի թեմայի շուրջ:

    Երիտասարդ սերունդը զարմացրեց մեզ իր գիտելիքներով և թեմայի շուրջ վերլուծողական բանավեճ կառուցելու մեծ հմտությամբ:

    «Որսորդները» փորձում էին արդարացնել այս երևույթը՝ պնդելով, որ գյուղական բնակչության մի ստվար հատվածի համար որսը ապրուստի միակ աղբյուրն է և իրենք խախտում են օրենքները՝ չունենալով եկամտի համարժեք այլընտրանք:

    «Բնապահպաններն» էլ իրենց հերթին փորձում էին պաշտպանել իրենց դիրքորոշումը՝ մեջբերելով զանազան օրենսդրական հոդվածներ և ակտեր: Նրանք ընդգծում էին, որ որսագողությունը՝ որպես երևույթ, ոչ միայն բնությանը հասցվող վնասն է, այլև մի շարք օրենքների խախտում, ինչն արդեն իսկ պետք է լինի պատժելի:

    DSC 0163DSC 0164

    DSC 0194

    DSC 0180Թեժ բանավեճն ավարտվեց երկու կողմերի ընդհանուր հայտարարի գալով: Բոլորը համաձայնվեցին, որ ապօրինի որսը, որսագողությունը և առևտուրը բացասական երևույթներ են և պետք է կանխվեն:

    Իսկ բերքը թռչուններից պաշտպանելու կամ որսի միջոցով եկամտի աղբյուր ունենալու համար կարելի է կիրառել մի շարք՝ միջազգայնորեն փորձված այլընտրանքային մեթոդներ:

    Նման արդյունքները և բնության նկատմամբ երեխաների դրսևորած դրական և հոգատար վերաբերմունքը հիմք է տալիս հավատալու, որ մի քանի տարի անց մենք կունենաք բնապահպանության տեսանկյունից ավելի կրթված և ուժեղ սերունդ, ով չի երկնչի ազնվորեն և առանց ջանք խնայելու պաշտապանել իր երկրի բնական հարստությունը զանազան ապօրինի ոտնձգություններից:

    DSC 0272a

  • Դսեղ Էկոակումբ. Վայրի բնության և անտառների էկոակումբ

    P1140078Ովքե՞ր են մեր վայրի բնության և անտառների ապագա պահապանները: Դե, իհարկե, երեխաները...

    Մենք հավատում ենք, որ կրթելով այսօրվա սերունդը մենք երաշխավորում ենք վաղվա բնության գոյությունը:

    Ապրիլի 29-ին Հայաստանի թռչունների պահպանման միության ջանքերով և OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցությամբ մեկնարկել է «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը:

    Ծրագիրն ընդգրկում է այն դպրոցներն, որոնք գտնվում են Դսեղ ԿԹՏ-ի և դրան հարակից շրջաններում: Աշակերտների համար կազմակերպվելու են էկոդասախոսություններ, հանդիպումներ բնապահպանական ոլորտի առաջատար մասնագետների հետ, բացօթյա դասընթացներ, թռչունների և վայրի կաթնասունների դիտարկումներ, քայլարշավներ և այլ ուսուցողական միջոցառումներ:

    Ծրագրի նպատակն է ստեղծել մի հարթակ, որի շնորհիվ երեխաները կհարստացնեն իրենց գիտելիքները բնապահպանության և վայրի բնության պահպանման վերաբերյալ:

    Առաջին օրը երեխաները շրջեցին Դսեղ գյուղի Բնության և այցելուների կենտրոնով, ծանոթացան Դսեղ ԿԹՏ-ի մակետին, ինտերակտիվ վահանակների միջոցով տեղեկացան տվյալ ԿԹՏ-ում հանդիպող թռչնատեսակների և միջատների, ինչպես նաև թռչունների համաշխարհային չուի ուղիների մասին:

    P1140074P1140069

    P1140084aP1140081

    Շրջայցին հաջորդեց դասախոսությունը, որն ընդգրկեց Դսեղ ԿԹՏ-ի ընդհանուր նկարագրությունը, խոսվեց այստեղ հանդիպող թռչունների և հատկապես վտանգված տեսակների մասին: Փոքր ակնարկ կատարվեց վերացած թռչնատեսակների մասին, խոսվեց մարդու՝ վայրի բնության և անտառների վրա թողած բացասական ազդեցության մասին:

    P1140161P1140174

    P1140177P1140184

    P1140195P1140214

    Կարևորելով հասարակության մասնակցությունը բնապահպանական հարցերին՝Հայաստանի թռչունների պահպանման միությունը անդրադարձավ նաև«Շիկահողի» հաղթանակին, ինչը բնապահպանական ՀԿ-ների ջանքերի լավագույն օրինակն է:

    Սա «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնության առաջին քայլն էր: Հաջորդ հանդիպումներին հյուրընկալելու ենք WWF Armenia, Armenian Tree Project և ENPI FLEG II ծրագրի մասնագետներին, ովքեր կկիսվեն իրենց բացառիկ փորձով և կներկայացնեն իրենց ծրագրերը դպրոցականներին:

    Հաջորդ միջոցառումը կայանալու է մայիսի 16–ին, կրկին Դսեղի Բնության և այցելուների կենտրոնում:

    P1140244


     

    logo osme

    Միջին Արևելքի թռչնաբանական միությունը հիմնվել է 1978 թվականի ապրիլին: Այն աշխատում է կամավորական սկզբունքներով և միակ թռչնաբանական միությունն է, որն ընդգրկում է Միջին Արևելքը, Կովկասը և Կենտրոնական Ասիան:

    Միության նպատակն է հավաքագրել, համակարգել և տպագրել թռչուններին վերաբերող տեղեկատվությունը, մարդկանց մեջ խթանել թռչունների և իրենց պահպանման նկատմամբ հետաքրքրվածությունը, աջակցել բնապահպանական կազմակերպություններին, բնապատմության միություններին և բոլոր այն թռչնաբանական ուսումնասիրություններին և գործունեությանը, որը տեղի է ունենում Միջին Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

  • Դսեղ Էկոակումբ: Օր 10-րդ. Ծրագրի փակում

    Ինչպես և ամեն հաճելի երևույթ, «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը նույնպես մոտեցավ իր ավարտին:

    Հոկտեմբերի 21-ին Դսեղի բնության և այցելուների կենտրոնում տեղի ունեցավ «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնության եզրափակող հանդիպումը:

    Հանդիպմանը հրավիրված էին նախաձեռնության դասընթացներին մասնակցած դպրոցական խմբերի ղեկավարները և դպրոցների տնօրենները:

    IMG 9182Հանդիպման ընթացքում ՀԹՊՄ-ը անցկացրեց կարճատև դասընթաց, որի նպատակն էր դպրոցների ներկայացուցիչներին օժտել թռչունների համար կերամաններ և արհեստական բներ սարգելու հմտություններով, ինչպես նաև խոսեցինք, թե ինչով և ինչպես կարելի է կերակրել վայրի թռչնատեսակներին:

    Հյուրերը, լինելով բնության մասին մտածող մասնագետներ, տվեցին իրենց հուզող հարցերը՝ թե՛ թռչունների, թե՛ առհասարակ բնության մասին:

    IMG 9162Որպես նմուշ նրանց բոլորին նվիրեցինք մեկական կերաման և արհեստական բույն: Կարծում ենք, դրանք կգտնեն իրենց հարմար տեղերը մեր ծրագրին մասնակցած դպրոցների բակերում: Բացի այդ, բոլոր երեխաներին ղեկավարների միջոցով փոխանցեցինք փոքրիկ նվերներ և բոլոր այն ուսուցանող նյութերը, որոնք օգտագործվեցին նախաձեռնության դասընթացների ընթացքում: Այս կերպ մենք նպատակ ունենք էլ ավելի ամրապնդելու ստացված գիտելիքները և մեծացնելու այս ծրագրի ազդեցությունը Հայաստանում:

    logo osme12622129 181766585512717 925718701292417780 oՄենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում OSME-ին (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) և AviFauna Nature Tours-ին, որոնց աջակցության շնորհիվ «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը դարձավ իրականություն:

    Շնորհակալ ենք նաև մասնակից դպրոցականներին և իրենց ղեկավարներին (Այնթափի, Մարցի, Դսեղի, Ձորագյուղի, Ծաթերի միջնակարգ դպրոցներ, Մարգահովիտի Օհանյան կենտրոն), դասընթացները վարող մասնագետներին (WWF-Հայաստան, ENPI FLEG II ծրագիր, Armenian Tree Project, Հայաստանի թռչունների պահպանման միություն):

    IMG 9288

    Հ.Գ. Հայաստանի թռչունների պահպանման միությունն իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում Այնթափի Բյուզանդ Մարգարյանի անվան №2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակին իրենց գեղեցիկ ձեռքի աշխատանքի համար: Այն իր ուրույն տեղը գտավ Դսեղի բնության և այցելուների կենտրոնում:

    IMG 9222IMG 9260

  • Դսեղ Էկոակումբ: Օր 2. «Փրկենք անտառները»

    «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը շարունակում է իր բնապահպանական դասընթացների շարքը:

    Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն է ստեղծել մի հարթակ, որի միջոցով երեխաները կհարստացնեն իրենց գիտելիքները բնապահպանության և վայրի բնության պահպանման վերաբերյալ:

    Բոլորս էլ գիտակցում ենք, որ բացի կենդանական աշխարհից, բուսական ֆլորան նույնպես կազմում է բնության կարևորագույն մի մաս, որն ապահովում է մեր մոլորակում ընթացող բազմաթիվ բնական գործընթացների փոխկապակցվածությունը:

    Հենց այդ թեմային էլ անդրադարձանք մեր նախաձեռնության երկրորդ դասընթացի ժամանակ:

    P1140622Նույնիսկ անձրևոտ եղանակը մեզ չխոչընդոտեց ուղևորվել Դսեղ գյուղ և Ծաթեր ու Ձորագյուղ գյուղերի դպրոցականների համար կազմակերպել «Փրկենք անտառները» հետաքրքիր դասընթացը:

    Դասընթացը վարում էր ENPI FLEG II ծրագրի համակարգող և Հայաստանում IUCN փորձագետ Լյուբա Բալյանը, ով արդեն երկար տարիներ շարունակ իր մասնագիտական գիտելիքներով պայքարում է Հայաստանում բնապահպանական խնդիրների գրագետ և համակարգված լուծման համար:

    P1140493Իր ներկայացրած ծրագրում Բալյանը խոսեց անտառների և մարդկանց փոխհարաբերությունների մասին, անդրադարձավ անտառների՝ որպես կենսոլորտի առանձին կենսամիավորի կարևորությանը:

    Խոսվեց նաև անտառների տեսակների, իրենց հիմնական գործառույթների, ինչպես նաև ապօրինի հատումների մասին:

    Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին մի քանի տեսանյութ, որոնք անդրադառնում են ապօրինի անտառահատումներին և դրանցից բխող վնասակար հետևանքներին:

    Դաընթացի ավարտին երեխաները շրջեցին Դսեղի Բնության և այցելուների կենտրոնով և ծանոթացան Դսեղ ԿԹՏ-ի մակետին, ինտերակտիվ վահանակների միջոցով տեղեկացան տվյալ ԿԹՏ-ում հանդիպող թռչնատեսակների և միջատների, ինչպես նաև թռչունների համաշխարհային չուի ուղիների մասին:

    P1140556P1140564

    P1140572

    Հուսով ենք, որ «Փրկենք անտառները» դասընթացի «սերմերը» տարիներ անց կտան իրենց «պտուղները», և մենք բոլորս էլ մի օր կապրենք ավելի «կանաչ» և բնապահպանության տեսանկյունից ավելի կրթված միջավայրում:

    Ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել Լյուբա Բալյանին, ով, չնայած իր աշխատանքային խիստ ծանրաբեռնվածությանը, ժամանակ չխնայեց երեխաների համար այս հետաքրքիր և բազմաբովանդակ դասընթացը կազմակերպելու և վարելու համար:

    P1140545


     

    «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը իրականություն է դարձել OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցության շնորհիվ:

  • Դսեղ Էկոակումբ: Օր 3-րդ. «Դսեղ ԿԹՏ»

    Ե՛վս մեկ հանդիպում Դսեղի բնության և այցելուների կնետրոնում, և՛ս մեկ դասընթաց մարզի դպրոցների աշակերտների հետ:

    Կարևորելով Հայաստանի մարզերում էկո-կրթության զարգացման գործոնը՝ Հայաստանի թռչունների պահպանման միության թիմն իր դասընթացը վարեց Դսեղ և Մարց գյուղերի դպրոցների աշակերտների հետ: Այս անգամ մենք խոսեցինք աշխարհում վերացող և արդեն իսկ վերացած թռչնատեսակների մասին, ինչպես նաև անդրադարձանք Դսեղ Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքին (ԿԹՏ):

    Մեր մասնագետները խոսեցին Դսեղ ԿԹՏ-ի ֆլորայի և ֆաունայի ընդհանուր նկարագրության և որոշ տեսակների բացառիկության մասին, պատմեցին այն կենդանատեսակների և թռչնատեսակների մասին, որոնց կարելի է հանդիպել այս տարածքում:

    Հատուկ ուշադրության արժանացան Դսեղ ԿԹՏ-ում հանդիպող երեք վտանգված թռչնատեսակները՝ Մարգահավը, Կասպիական ձնահավը (Ուլար) և Կովկասյան մայրեհավը:

    Picture2   Picture3 Picture1

    Օրն ամփոփվեց փոքրիկ թեստով, որի միջոցով փորձեցինք ստուգել դպրոցականների գիտելիքները թռչունների, և հատկապես, գիշատիչ թռչնատեսակների վերաբերյալ:

    Թեստի ավարտին հնչեցին ճիշտ պատասխանները, ինչի շնորհիվ դպրոցականները կարողացան շտկել իրենց սխալները և ամրապնդել իրենց գիտելիքները Հայաստանի թռչնաշխարհի վերաբերյալ:

    Այսպես ավարտվեց «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնության հերթական օրն՝ իր հերթական արդյունքներով:

    1 marc dsegh

    Հաջորդ անգամ հյուրընկալելու ենք WWF-Հայաստանի մասնագետներին, ովքեր երեխաներին կպատմեն Հայաստանի վայրի բնության մասին, ինչպես նաև կանդրադառնան ու կներկայացնեն Հայաստանում իրենց կողմից իրականացվող կրթական ծրագերը:


    «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը իրականություն է դարձել OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցության շնորհիվ:

  • Դսեղ Էկոակումբ: Օր 4-րդ. Վայրի բնություն

    Հիշո՞ւմ եք «Դսեղ Էկոակումբ» նախաձեռության խորագիրը՝ «Հանուն վայրի բնության և անտառների»:

    P1140877

    Ձորագյուղ և Ծաթեր գյուղերի դպրոցականների հետ վայրի բնության մասին խոսելու համար Դսեղի Բնության և այցելուների կենտրոն հրավիրեցինք WWF Armenia-ի մասնագետ, ծրագրերի համակարգող (ինչպես նաև Հայաստանում ENPI FLEG II ծրագրի համակարգող) Սիրանուշ Գալստյանին:

    Տիկին Գալստյանը խոսեց Հայաստանի վայրի բնության և կենսաբազմազանության մասին՝ շեշտ դնելով Հայաստանի կաթնասունների պահպանման կարևորությանը:  

    Հատուկ ուշադրության արժանացան բեզոարյան այծը (Capra aegagrus), գորշ արջը (Ursus arctos)  և կովկասյան ընձառյուծը (P. p. ciscaucasica (Satunin, 1914) = P. p. saxicolor Pocock, 1927): 

    P1140892P1140893

    P1140889

    Մաշա արջուկն եղավ լավ օրինակ, որն ընդգծեց մարդու այն քայլերը, որոնք նպաստում են բնության պահպանմանը և վտանգված տեսակների պահպանությանը:

    Դասընթացը ներառեց նաև բնապահպանական թեմայով խաղ, որը սովորեցնում էր, թե ինչ դեր է խաղում մարդու կյանքում բնությունը և ինչ ռեսուրսներով է այն ապահովում մարդու կենցաղը: 

    13403296 377527485751342 6516214862136429980 o

    WWF Armenia-ի շնորհիվ ստացված գիտելիքները կօգնեն դպրոցականներին ավելի լավ պատկերացում կազմել մարդ-բնություն փոխհարաբերության մասին, ինչպես նաև հասկանալ տեսակների պահպանման կարևորության և էկո-համակարգերի փխրուն հավասարակշռության մասին:

    Իսկ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մարգահովիտ գյուղի Օհանյան կենտրոնում, որտեղ տեղի կունենա բնապահպանական թեմատիկայով գործնական (պրակտիկ) դասընթաց:

    P1140905


    «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը իրականություն է դարձել OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցության շնորհիվ:

  • Դսեղ Էկոակումբ: Օր 7. Կարմիր Գրքի թռչունները

    1

    «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունն ուսումնական տարվա հետ մեկտեղ վերսկսեց նաև իր դասընթացները: Դասընթացներն ոչ միայն տեսական են, այլ նաև գործնական, ինչը շատ է ոգևորում մասնակիցներին:

    Սեպտեմբերի 20-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը ներկայացրեց Կարմիր Գրքում ներառված թռչունների՝ Սև անգղի և Տափաստանային հողմավար բազեի հետ կապված Հայաստանում մեր կողմից իրականացրած գիտական հետազոտության և պահպանման աշխատանքների մասին:

    Դասընթացին մասնակցում էին Դսեղի և Մարցի միջնակարգ դպրոցի սաները: Դասընթացն ավելի հետաքրքիր դարձնելու համար մենք կազմակերպեցինք խաղ, թե ինչպես ճիշտ դասավորել թռչուններին ըստ իրենց կենսամիջավայրերի:Քանի որ երեխաները նախքան խաղը սկսելը մեր աշխատակիցների կողմից արդեն ստացել էին նախնական տեղեկատվություն, նրանք հեշտ կռահեցին և կարողացան ճիշտ լուծումներ տալ:

    23

    4

    Օրվա ավարտին «Դսեղ Էկոակումբի» համակարգողները շնորհակալություն հայտնեցին դպրոցի սաներին և խոստացան,որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կկրեն:

    Հեղ. Ռուզան Կարապետյան (ՀԹՊՄ-ն կամավոր)


    «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը իրականություն է դարձել OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցության շնորհիվ:

  • Դսեղ Էկոակումբ: Օր 9. Ընձառյուծի պահպանումը

    «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը շարունակվում է...

    IMG 9086Այս անգամ մեր հյուրն էր WWF-Հայաստանը:

    WWF-ը սկսել է աշխատել Հայաստանում 2002 թ-ից, իսկ 2006 թ-ի նոյեմբերին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) պաշտոնապես գրանցվել է Հայաստանում՝ հանդիսանալով WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս:

    «Դսեղ Էկոակումբի» հյուրն էր WWF-Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Գասպարյանը: Արսենը խոսեց Հայաստանում ընձառյուծի պահպանման մասին: Նա նշեց,որ վերջին տաս տարվա ընթացքում WWF-ը զգալի ջանքեր է ներդրել Կովկասում ընձառյուծի կարգավիճակը գնահատելու ուղղությամբ:

    IMG 9088Շահագրգիռ կողմերի հետ համատեղ WWF-ը մշակել է Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարություն և Հայաստանի համար ազգային գործողությունների ծրագիր, որից հետո սկսել է դրա իրականացումը: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Ընձառյուծի խնամակալների ցանցը», որի նպատակն է կովկասյան ընձառյուծին պահպանելու նպատակի շուրջ միավորել հասարակությանը, միջազգային կառույցներն, մասնավոր և պետական հատվածները:

    IMG 9100Արսենը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են տարվում այդ տեսակի պահպանման համար, խոսեց ֆոտոթակարդների և իրենց նշանակության մասին: Երեխաների հետ միասին նաև դիտեցինք կարճ տեսահոլովակներ Հայաստանի վայրի բնության մասին:

    Երեխաները շատ ոգևորված հեռացան Դսեղի այցելուների կենտրոնից: Մեզ հետ զրույցում նրանք կիսվեցին իրենց տպավորություններով և խոստացան,որ ավելի հոգատար կլինեն մեր շրջակա միջավայրի հանդեպ:

    Հայաստանի թռչունների պահպանման միությունն իր շնորհակալությունն է հայտնում WWF-Հայաստանին և Արսեն Գասպարյանին իր հետաքրքիր և բովանդակալից դասախոսության համար:

    (տեղեկատվության որոշ մասը վերցվել է WWF-Հայաստան-ի վեբ-կայքից)


    «Դսեղ Էկոակումբ» նախաձեռնությունը իրականություն է դարձել OSME-ի (Միջին Արևելքի թռչնաբանական միություն) աջակցության շնորհիվ:

  • Դսեղի այցելուների կենտրոնը բացեց իր դռները

    IMG 4398

    Հայաստանի թռչունների պահպանման միությունը պաշտոնապես հայտարարում է Դսեղում Բնության և այցելուների կենտրոնի բացման մասին, որն ավելի քան հինգ տարվա նախագծման, ծանր աշխատանքների և ծախսված անթիվ ժամերի արդյունք է:

    Նոյեմբերի 12–ին Դսեղ ԿԹՏ-ի անմիջապես սրտում՝ Դսեղ գյուղում, Բնության և այցելուների կենտրոնը պաշտոնապես բացեց իր դռները հասարակության, ինչպես նաև արտերկրի այցելուների առջև:

    Կենտրոնի նպատակն է էկո-կրթության, ռեսուրսների կայուն օգտագործման և էկոտուրիզմի միջոցով ապահովել մարդու կապը բնության հետ: Մի կողմից կենտրոնը կծառայի որպես մի վայր, որտեղ երեխաները և աշակերտները կարող են ստանալ էկո-կրթություն և շփվել բնության հետ, մյուս կողմից այն նպատակ ունի խթանելու բնապահպանական գործունեությունը, դրանով իսկ աջակցելով շրջանի բուսական և կենդանական աշխարհի պահպանմանը: Բացի այդ, այն ապահովելու է զբոսաշրջիկներին տարածքի՝ տեսարժան վայրերի, ամենամյա միջոցառումների և հասանելի հյուրատների մասին համապարփակ տեղեկատվությամբ: Այն առաջարկելու է զանազան տուր-ծառայություններ՝ նպաստելով էկո-տուրիզմի զարգացմանը և այդպիսով իսկ աջակցելու է Դսեղի համայնքի սոցիալ-տնտեսական բարօրությանը:

    IMG 5798IMG 5804

    IMG 5805IMG 5808

    Արարողությանը իր մասնակցությունը ունեցան մի շարք պատվավոր հյուրեր Շվեյցարիայի (պն.ԼուկասԳասսեր) և Ֆրանսիայի (պն.Ժան-Ֆրանսուա Շարպանտիե) արտակարգ և լիազոր դեսպանները Հայաստանում, Լոռու մարզպետ պրն Արթուր Նալբանդյանը, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան, Ռոն Ալպ ռեգիոնի փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը և WWF Հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը:

    IMG 4321

    Միջոցառումը բացվեց ՀԹՊՄ-ն համահիմնադիր Լյուբա Բալյանի ողջույնի խոսքով: Նա հակիրճ ներկայացրեց Կենտրոնի նախագծման, կառուցման և հիմնման պատմությունը, ինչպես նաև այն ապագա պլանները և հեռանկարները, որոնք տվյալ նախագծի շրջանակներում կարող են նպաստել համայնքի զարգացմանը:

    Ներկաները դիտեցին ՀԹՊՄ-ն կողմից նկարահանված կարճ ֆիլմը, որըտեղ գյուղացիները կիսում էին իրենց մտքերն ու պատկերացումները կենտրոնի մասին՝ թե ինչի համար է ըստ իրենց այն ստեղծվել և ինչ նպատակի է ծառայելու: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ կենտրոնի գործունեության նկատմամբ հետաքրքրվածությունը և ոգևորվածությունը բավականին բարձր էր համայնքի ներկայացուցիչների միջև:

    IMG 4448

    Արարողության ամենահիշարժան մասը կազմեց ժապավենի կտրումը: ՀԹՊՄ-ն տնօրեն պրն Մամիկոն Ղասաբյանը և Դսեղի գյուղապետ պրն Նորիկ Քոչարյանը առաջինն էին, ովքեր մուտք գործեցին նորաբաց կենտրոն: Այնուհետև հյուրերին սպասվում էր շրջայց կենտրոնի տարածքով, որտեղ նրանց ներկայացվեցին շենքում առկա տեղեկատվական վահանակներն ու քարտեզները:

    IMG 4476IMG 4460

    IMG 4463

    Նույնիսկ առաջին հայացքից պարզ դարձավ, որ կենտրոնը, որպես գաղափար, դպրոցականների համար կստեղծի հիանալի մթնոլորտ և թույլ կտա սովորել ինչպես թռչունների, այնպես էլ առհասարակ բնության մասին, ինչն իր հերթին հնարավորություն կտա ապագայում ունենալ բնապահպանական տեսանկյունից կրթված և գիտակից սերունդ:

    Այս ամենն իրականություն է դարձել ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհային ծրագրերի, Ֆրանսիայի Ռոն Ալպ տարածաշրջանային խորհրդի, Բիրդլայֆ Շվեյցարիայի և, իհարկե, Հայաստանի թռչունների պահպանման միության համաձայնեցված և անգնահատելի ջանքերի և ֆինանսական ներդրման շնորհիվ:

    Հայաստանի թռչունների պահպանման միությունը հավատում է, որ Դսեղի Բնության և այցելուների կենտրոնը կծառայի որպես նախադեպ և կնպաստի այլ բնապահպանական տեղեկատվական կենտրոնների բացմանը Հայաստանի այլ մարզերում: Այս կերպ մենք ձգտում ենք աջակցել Հայաստանի բոլոր հեռավոր համայնքներին և կամուրջ հանդիսանալ բնության և մարդու միջև:

    IMG 5812

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը