Էկոլոգիական բնութագիրը

 

Տարածվածությունը և կենսամիջավայրը

Բնադրման շրջանում այս տեսակը զբաղեցնում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիները, իսկ ետբնադրման շրջանում նկատվում են ՀՀ ողջ տարածքում՝ 800-3000 մ բարձրության վրա: Տարածված է Միջերկրածովային երկրներում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, դեպի արևելք՝ մինչև Չինաստան: Ձմեռում է Աֆրիկայում, Արաբիայում և Հնդկաստանում: 

IMG 4274

Հայաստանում այժմ բնադրավայրեր հայտնաբերված են Սյունիքի մարզի Գորհայք գյուղի շրջակայքում, իսկ 2014թ-ին ՀԹՊՄ-ն բացահայտեց նոր բնադրվայր Սիսիան քաղաքում՝ 50-60 բնադրող զույգով: Կարծիք կա, որ բնադրող թռչուններ կարելի է հանդիպել նաև Արաքսի հովտում և Հայաստանի հյուսիսային հատվածներում:

              map 03 small P1080023a

Նկ. 1 Տափաստանային հողմավար բազեի բնադրման վայրը                                    Նկ. 2 Սպանդարյանի ջրամբար, Սյունիքի մարզ

Տափաստանային հողմավար բազեները վարում են գաղութային կենսակերպ, հաճախ նույն բնադրավայրը կիսելով Սովորական հողմավար բազեի հետ: Նման գաղութներում, որպես հետաքրքիր փաստ, կարելի է նշել, որ հանդիպում են այդ երկու տեսակների հիբրիդային ձևեր: Գիշերում են խմբերով: Ամռանը, մինչև բազմացման շրջանի սկսվելը, նույն վայրում գիշերակացի հավաքվող թռչունների քանակը կարող է հասնել 1600 առանձնյակի. նման դեպք գրանցվել է Իտալիայում գտնվող Մատերա քաղաքում:

Բները կառուցում են ժայռաքիվերին, զանազան խորշերում, զառիթափերի, քարերի և շինությունների ճեղքերում, տանիքների տակ: Դրանք իրենցից ներկայացնում են էգի կողմից փորված փոքրիկ փոսեր կամ ուղղակի մաքրված հատված: Ձվադրում են մայիսի երկրորդ կեսից մինչև հունիսի սկիզբ' 35մմ չափերով 3-7 ձու, սովորբար՝ 4-5-ը: Ձվերը գունավորմամբ բավականին նման են Սովորական հողմավար բազեի ձվերին՝ դեղնա-կարմրավուն են, աղյուսագույն՝ կարմիր բծերով : Թխսում է գլխավորապես էգը, իսկ արուն երբեմն փոխարինում է նրան՝ ընդհանուր հաշվով ամբողջ ժամանակի 5-20%-ը: Թխսակալումը տևում է մոտ 28 օր, իսկ ձագերի առաջին թռիչքը տեղի է ունենում ձվից դուրս գալուց 26-30 օր հետո:

Տափաստանային հողմավար բազեն հիմնականում էնտոմոֆագ է (միջատակեր), սակայն Հայաստանում այս թռչունները սնվում են հիմնականում մանր կրծողներով, սողուններով և ուղղաթևավորներով՝ կախված տվյալ տարվա պայմաններից, կերատեսակի քանակությունից: Որս կատարում են բաց տարածություններում, կեր փնտրելիս թռչում են գետնից ոչ բարձր, հազվադեպ կանգ առնելով օդում:

 

Կարգավիճակը

P1050316Տափաստանային հողմավար բազեն մարդու տնտեսական գործունեության արդյունքում ամենից շատ տուժած փետրավոր գիշատիչներից մեկն է: Սկսած 20-րդ դարի երկրորդ կեսից, յուրաքանչյուր տասնամյակում դիտվում էր այս տեսակի պոպուլյացիայի քանակի միջինը 30% նվազում: Թվաքանակի նվազման ամենահավանական պատճառը կապում էին գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառում ստացած միջատասպան քիմիական նյութերի հետ, որոնք թողնում են և´ անմիջական ազդեցություն, և´ վերացնում էին բազեների համար կեր հանդիսացող միջատներին, ինչպես նաև նշվում էին մի քանի այլ գործոններ, ինչպիսիք են մանր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատումը, որի պատճառով բարձրանում է խոտածածկը և խանգարում բազեներին կեր հայթհայթել, Աֆրիկյան ձմեռման արեալներում հաճախակի դարձած երաշտները, բնադրմանը հարմար տարածքների օգտագործումը մարդու կողմից, որսագողությունը և այլն: Այս ամենի հետևանքով Տափաստանային հողմավար բազեն իր տեղը գտավ Միջազգային Կարմիր ցուցակում, գրանցվելով որպես անհետացման վտանգի տակ գտնվող տեսակ: Սպառնացող գործոնները չեզոքացնելու համար կազմակերպված միջազգային բնապահպանական ծրագրերը տվեցին իրենց արդյունքը և այժմ բազեի թվաքանակը աշխարհում աճել է, իսկ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում կարգավիճակը դիտվում է որպես նվազգույն վտանգի տակ գտնվող:

Տափաստանային հողմավար բազեն գրանցված է նաև Հայաստանի Կարմիր գրքում և համարվում է հազվագյուտ տեսակ՝ բնադրման տեղային բնույթով: Թվաքանակը խիստ կրճատվել է ամբողջ արեալում: 20-րդ դարի սկզբում Արաքսի հովտի կիսաանապատային հատվածներում հայտնաբերված բնադրավայրերի կարգավիճակն այսօր հավաստիորեն հայտնի չէ:

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի քայքայումը և ինչպես նաև թունաքիմիկատների ինտենսիվ օգտագործումը:


Տափաստանային հողմավար բազե (Falco naumanni)

Բնապահպանական աշխատանքները Հայաստանում

Գիտահետազոտական աշխատանքները Հայաստանում

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը