Դադարեցրե՛ք անգղերի թունավորումը

Slide3

Սիրելի՛ թռչնասերներ,

BirdLife International-ի անունից (աշխարհի մեծագույն բնապահպանական գործընկերություն) Հայաստանի թռչունների պահպանման միությունը ահազանգում է և տեղեկացնում, որանասնաբուժական դիկլոֆենակը, որը շատ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ թունավորել է անգղերի 99%-ը Հնդկաստանում, Պակիստանում և Նեպալում, այժմ մեծ արագությամբ տարածվում է Եվրոպայով մեկ: Այս նախազգուշացումը ներառում է շատ այլ վտանգներ՝ անգղերին դարձնելով մոլորակի ամենավտանգված թռչնատեսակներից մեկը:

Անգղերը լեշակեր թռչուններ են, որոնք իրենց էկոհամակարգում ունեն կարևոր դերակատարում. գյուղական վայրերում լեշերի արագ վերամշակման շնորհիվ անգղերը կանխում են այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսինն են սիբիրախտը և կատաղությունը, ինչը էկոհամակարգում իրագործում է կենսական գործառույթ` նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումը և կանխում լեշերի հավաքման ու վերամշակման հետ կապված ծախսերը:

Հայաստանում, ինչպես Եվրոպայի մյուս երկրներում, տարածված է անգղերի չորս տեսակ՝ միջազգայնորեն վտանգված Գիշանգղ (Neophron percnopterus), միջազգայնորեն խոցելի Սև անգղ (Aegypius monachus), միջազգայնորեն քիչ խոցելի Սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus) և Գառնանգղ (Gypaetus barbatus)՝ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված:

Անասնաբուժական դիկլոֆենակը խիստ թունավոր է անգղերի համար: Վերջերս հայտնաբերվել է, որ արծիվների համար այն նույնպես վտանգավոր է: 90-ականներին խոշոր եղջերավոր անասունի վրա դրա կիրառումը համարյա բնաջնջել էր Հարավային Ասիայի անգղերի պոպուլյացիան: Ուտելով անասնաբուժական դիկլոֆենակով վարակված հյուսվածքները՝ երկու օրվա ընթացքում անգղերը սատկում են երիկամների անբավարարությունից: Եթե նույնիսկ լեշերի ավելի քիչ, քան 1%-ը պարունակեր դեղամիջոցի լետալ չափաբաժիններ, սա բավական կլիներ առաջացնելու անգղերի թվաքանակի կտրուկ անկում:Անասնաբուժական դիկլոֆենակի արտադրությունը` որպես հակաբորբոքային պրեպարատ խոշոր և մանր եղջերավոր ամասունների համար, 2006 թ-ին արգելվել է Հնդկաստանում, այնուհետև՝ Նեպալում, Պակիստանում և վերջերս նաև Բանգլադեշում: Կառավարության արգելքները այս երկրներում տվել են իրենց արդյունքը, և դիկլոֆենակի օգտագործման մակարդակը արդեն սկսել է իջնել:

Այնուամենայնիվ, չնայած աղետալի փորձին Հարավային Ասիայում և անվնաս դեղամիջոցների այլընտրանքին, Եվրոպական միությունը և նրա անդամ մի քանի երկրներ օրենսդրորեն թույլատրել ենանասնաբուժական դիկլոֆենակի օգտագործումը Եվրոպայում. այն այժմ հասանելի է առնվազն երկու ԵՄ երկրներում՝ Իսպանիայում և Իտալիայում: Եվրոպայում այս դեղամիջոցի հայտնվելը նոր և նշանակալից վտանգ է եվրոպական անգղերի պոպուլյացիաների համար և ստեղծում է նախադեպ, որը կարող է հարված հասցնել աշխարհի բոլոր անգղերին: Մեր իսկ գոյության օրոք անգղերը կարող են իսպառ ոչնչանալ Աֆրիկայում և Եվրոպայում:

Այս կարևոր թռչնատեսակների ոչնչացումը կանխելու համար մենք այսօր սկսում ենք համաշխարհային մի արշավ, որն ուղղված է հասարակական աջակցությամբ դադարեցնելու անգղերի թունավորումը:

Լինելով ավելի քան 100 անկախ կազմակերպություններից կազմված համագործակցություն՝ BirdLife-ն ունի անգղերին փրկելու ուժ և հնարավորություն, բայց մենք ունենք 20,000 ֆունտ ստերլինգի կարիք, որպեսզի բացահայտենք և կանխենք այս գեղեցիկ և կարևոր թռչնատեսակներին սպառնող վտանգները: Ձեր նվիրատվությունը առաջին հերթին օգտագործվելու է անասնաբուժական դիկլոֆենակը Եվրոպայում արգելելու համար պայքարում, ինչպես նաև կանխելու է այլ վտանգները Աֆրիկայում: Միայն այս գործողությունը կարող է փրկել հազարավոր անգղերին:

Ձեր աջակցությունը ճակատագրական է այս գործում և իր հետ կարող է բերել իրական փոփոխություն: Խնդրում ենք, նվիրաբերեք և օգնեք մեզ փրկել անգղերին:

BirdLife International-ի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը