Ջրլող թռչունների ձմեռային հաշվառման (IWC) արդյունքներ 2014

DSCF3884 duck flock

Հայաստանում ջրլող թռչունների հերթական հաշվառումը թվով 12-րդն էր, որը յուրաքանչյուր տարի իրականացվում է թռչունների Կենտրոնական Ասիայի չուի ճանապարհին: Հաշվառումը անց է կացվել 2014 թ. հունվար ամսվա տարբեր օրերին: Հաշվառման գրեթե բոլոր օրերը բարենպաստ էին, որի շնորհիվ հաջողվեց այն իրականցնել նախատեսված ժամկետներում աննշան շեղումներով: Ինչպես և նախորդ տարիներին, հաշվառումները անցկացվել են Սևանա լճի ավազանում (լճի ողջ երկայնքով), Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Մեծամոր գետի համակարգում:

Հաշվառումները իրականացվեցին Մամիկոն Ղասաբյանի՝ Հայաստանում IWC համակարգող, Արտակ Սարգսյանի՝ «Սևան» կարևորագույն թռչնաբանական տարածքի խնամակալ, ՀԹՊՄ աշխատակիցներ՝ Լյուբա Բալյանի և Էդուարդ Ղասաբյանի, ինչպես նաև կամավորներ Նշան Մարգարյանի, Վարդգես Հակոբյանի, Միքայել Ոսկանյանի, Արտյոմ Հակոբյանի, Սուրեն Հայրապետյանի և Վահան Հակոբյանի կողմից:

2 P1540983

Հաշվառումների ժամանակ Սևանի ավազանում պարզ, արևոտ, առանց քամու, ցուրտ եղանակ էր: Լճի երկայնքով առափնյա մասերի սառցակալում չի նկատվել, բացառությամբ Լճաշենի ոչ մեծ լճախորշի, որը հավանաբար բացատրվում է լճի ջրի ջերմաստիճանի ոչ շատ սառը լինելով, ինչպես նաև հունվար ամսվա առաջին կեսին դիտվող ուժեղ քամիների պատճառով: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս, հաշվառումների ժամանակ որոշակի խոչընդոտ էին ներկայացնում մոտորանավակները: Ձկնորսների կողմից ձկնորսական ցանցերը և խեցգետնաորսիչ թակարդները տեղադրված էին ափին հարող տարածքներում, որոնց նավակներով սկսում էին մոտենալ վաղ լուսաբացից մինչև կեսօր:  Ափի շրջակայքում գտնվող ցանցերը և նավակները հանգիստ չէին թողնում թռչուններին, որոնք գիշերվա ընթացքում մոտեցել էին ափերին կերակրման համար, հիմնականում լիճ թափվող գետերի գետաբերաններում: Այս ամենի հետևանքով թռչունները ստիպված հեռանում էին լճի խորջրյա մասերը: Նավակների կողմից անհագստացման պատճառով չհաջողվեց որոշել որոշակի քանակությամբ  բադերի և որորների տեսակային կազմը: Համեմատած նախորդ տարվա, այս տարի նկատվեց հաշվառված թռչունների քանակության նվազում: Եթե անցյալ տարի գրանցվել էր 43 707 թռչուն, ապա այս տարի՝ 29 623, որը կազմում է անցյալ տարվա քանակության շուրջ 68%-ը: Ինչպես և նախորդ տարիներին, լճում ամենաբազմաքանակը սև փարփարն էր՝ 17 302 թռչուն (2013-ին՝ 26 838): Սակայն թռչունների ընդհանուր քանակության մեջ սև փարփարի քանակության տոկոսային հարաբերակցությունը մեծ փոփոխություն չի կրել: Անցյալ տարի այն կազմում էր 37%, ընթացիկ տարում՝ 35%: Տոկոսային հարաբերակցությամբ ոչ նշանակալի փոփոխություն է դիտվել նաև որորների մոտ. 2013-ին` 2,6%,  2014-ին՝ 3,3%: Քանակության զգալի փոփոխություններ են գրանցվել բադազգիների մոտ: 2013-ին գրանցվել է 15 406 թռչուն,  2014-ին՝ 10 916:

P1540878 P1540913

Սակայն ինչպես փարփարի և որորների դեպքում, նրանց քանակության տոկոսային հարաբերակցությունըընդհանուրի հետ համեմատ մեծ փոփոխություններ չի կրել՝ 2013 թ-ին եղել է 35%, 2014-ին՝ 37%: Հետաքրքիր փոփոխություններ են նկատվել լճում ձմեռող բադազգիների երկու ներկայացուցիչների մոտ: Եթե անցյալ տարի կարմրակտուց սուզաբադի քանակությունը լճի թռչունների ընդհանուր քանակության մեջ կազմում էր 13%, իսկ կարմրագլուխ սուզաբադինը՝ 1%, ապա այս տարի կարմրակտուց սուզաբադինը կամզում էր 3%, իսկ կարմրագլուխ սուզաբադինը՝ 11%: Լճում գրանցված թռչնատեսակներից առավել հետաքրքրական են լուտոկը և ծովային սուզաբադը:

Մեծամոր գետի համակարգում անցկացված հաշվառումները այնքան էլ գոհացուցիչ չէին: Ինչպես արդեն նշել ենք, վերջին տարիներին ընթացքում այդ տարածքը ամբողջովին կորցրել է իր նշանակությունը ջրաճահճային բազմաթիվ ներկայացուցիչների համար որպես ձմեռման վայր: Որսի շրջանում որսրոդների կողմից իրականացվող անհանգստացումը, ինպես նաև ողջ տարածքի կենսամիջավայրի անհետադարձ փոփոխությունները, հանգեցրել են թռչնաֆաունայի ամբողջական աղքատացման: Հաշվառման օրվա ընթացքում գրանցված 16 տեսակի 1192 թռչուններից 970-ը կամ 81%-ը սպիտակ արագիլներ էին, որոնց մի մասը անկախ եղանակային պայմաններից ամեն տարի ձմեռում է այստեղ:

Առավել վատ իրավիճակ գրանցվեց Արմաշի ձկնաբուծական լճերում, որը գրեթե ամբողջովին սառցապատ էր: Արմաշի լճերում գրանցվեցին 14 տեսակի 510 թռչուն, որը անցյալ տարվա գրանցված քանակի ընդամենը 30%-ն է: Նախորդ տարիների ընթացքոււմ, տաք և ոչ ձնառատ եղանակային պայմաններին Արմաշի ձկնաբուծական լճերում հաշվվել է ավելի քան 35 տեսակի 10 000 թռչուն:

Ամփոփելով այս տարվա հաշվառումների արդյունքները՝ կարելի է փաստել, որ հաշվառված թռչունների քանակությունը բոլոր տեղանքներում կազմել է 33  տեսակի 31 325 թռչուն: Գրանցված թռչունների 94,6%-ը (28 տեսակ) հաշվառվել է Սևանա լճի ավազանում: Մեծամոր գետի համակարգում գրանցվել է ընդամենը 16 տեսակի թռչուն՝ 3,8%: Ամենափոքրաթիվ տեսակային և քանակային բազմազանությամբ առանձնացելեն Արմաշի ձկնաբուծական լճերը՝ 14 տեսակ, որը կազմում է հանրապետությունում հաշվառված թռչունների 1,6%-ը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը