Հայաստանում տարվա թռչուն է հայտարարվել Բվեճը

UntitledbՀայաստանի Թռչունների Պահպանման Միությունը իր այսուհետ ամենամյա անցկացվելիք միջոցառման շրջանակներում` 2009 թ-ի թռչուն է հայտարարել Բվեճին(Bubo bubo): Այս միջոցառումը տարեց տարի դառնում է էլ ավելի տարածված և սիրված ողջ աշխարհում և նույնիսկ որոշ երկրներում այն դարձել է ավանդական: Մինչդեռ Հայաստանում այն անց է կացվում Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից առաջին անգամ:    

Կարելի է ասել, որ Բվեճը անծանոթ թռչուն չէ հայերի համար և շատ անգամ ավելի ճանաչված է, քան այլ տարածված թռչնատեսակները: Բվեճը մեծ, հզոր թռչուն է և աշխարհում գոյություն ունեցող բվերից ամենամեծն է: Այն կշռում է շուրջ 3-4 կգ, թևերի բացվածքը կազմում է 150-180 սմ և համարվում է գերազանցապես գիշերային կենսակերպ վարող թռչուն: Հայաստանում այն հանդիպում է կիսաանապատներից մինչև լեռնատափաստաններ ձգվող ժայռոտ տարածքներում: Բվեճը գլխավորապես սնվում է փոքր կաթնասուններով, մասնավորապես` կրծողներով, ինչպիսիք են մկներն ու առնետները, ուստի և մեծ ծառայություն է մատուցում գյուղացիներին: Նրա առանձնահատուկ «հեռադիտակային» տեսողությունը, բացառիկ սուր լսողությունը` զուգակցված անձայն թռիչքով և ասեղի նման սուր ճանկերով, դարձնում են Բվեճին անգերազանցելի գիշերային որսորդ:  

Մարդկանց վերաբերմունքը այս թռչնատեսակի նկատմամբ բավական տարաբնույթ է: Որոշ երկրներում Բվեճը հանդիսանում է իմաստության խորհրդանիշ, որին ի հակառակ հին հայկական առասպելներում, բվերը նույնացվում էին սատանայի և անհաջողության հետ: Նմանատիպ վարկանիշը թռչունները վաստակել են գիշերային կենսակերպ վարելու պատճառով: Նրանց մեծ, ամենատես աչքերը, սևեռուն հայացքը, գլուխը 270°-ով  պտտելու կարողությունը և ծակող ձայնը, լեղին ջուր է դարձնում, հատկապես` լիալուսնի գիշերներին: Եվ չնայած իրենց անբարեհամբույր արտաքինին և անհայտությունից հնչող ձայնին, բվերը զարմանահրաշ և գրավիչ թռչուններ են:

Բվեճը որպես տարվա թռչուն ընտրվել է մի շարք պատճառներով: Մարդու կենսագործունեության հետևանքով, ինչպես և վայրի բնության մեծ մասը, այն վտանգված է և իր կենսամիջավայրը կորցնելու սպառնալիքի տակ է: Բվեճները գիշերային որսորդներ են, որոնց կողմից մշտապես կարգավորվում է կրծողների պոպուլյացիան: Տպավորիչ արտաքինն ու մեծ չափերը դարձնում են նրանց խոցելի որսորդների և որսագողերի համար: Շատ հաճախ մարդիկ որսում են բվերին խրտվիլակներ պատրաստելու կամ սեփական հաճույքի համար, ձագերին տանը պահելու նպատակով: Եվ երբ թռչունը հիվանդանում է, այն կամ լքվում է բնության մեջ կամ լավագույն դեպքում հանձնվում Կենդանաբանական այգի: 

Որոշվել է ընտրել Բվեճին, որպեսզի խթանվի իրազեկումը այս հիասքանչ թռչունների կենսակերպի և անգնահատելի ծառայության մասին, որը նրանք մատուցում են մարդկանց և փշրվի այն սնահավատությունը, որը կապված է այս թռչունների հետ: 


***

Բվեճը տարվա թռչուն 2009 քարոզարշավի շրջանակներում անցկացվել են մի շարք բնապահպանական միջոցառումներ (ցուցահանդեսներ, մրցույթներ դպրոցներում`լավագույն նկար, բանաստեղծություն և այլն), որում իրենց մասնակցությունը ցուցաբերեցին ուսանողները, դպրոցականները և տեղական համայնքի ներկայացուցիչները: Տարվա թռչուն 2009 քարոզարշավի շրջանակներում Մեծամոր ԿԹՏ-ի մի շարք գյուղերի դպրոցներում ` Ապագա, Եղեգնուտ, Տարոնիկ, Ակնալիճ և Զարթոնք, անցկացվեց մրցույթ «Բվեճ» թեմայով տարբեր անվանակարգերում: Սահմանված երկշաբաթյա ժամանակահատվածում ներկայացված աշխատանքներից ընտրված լավագույնները արժանացան մրցանակների Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից: Ամենաակտիվ մասնակից դպրոցներն էին Եղեգնուտը, Ապագան և Տարոնիկը:

Նմանատիպ մրցույթ անցկացվեց նաև Շիկահողի պետական արգելոցի տարածքին հարող, Հայաստանի հարավային ԿԹՏ-ում` Մեղրիում և Զանգեզուրում, որտեղ տեղական դպրոցները միացան Տարվա Թռչուն ամենամյա միջոցառմանը առաջին անգամ:

Բվեճը տարվա թռչուն 2009 խորագրով շնորհանդես անցկացվեց նաև Երևանում Բնության ազգային թանգարանում ապրիլի 15-ին: Միջոցառմանը մասնակցեցին Երևանի մի շարք դպրոցների աշակերտներ, տարբեր լրատվամիջոցներ և այլ պատվավոր հյուրեր:

Նշենք, որ Բվեճը Տարվա թռչուն 2009 միջոցառումը իրականացվում է Գերմանիայի Բնապահպանության նախարարության (BMU) և Գերմանիայի Բնության Պահպանության Միության օժանդակությամբ (NABU - Naturschutzbund Deutschland):

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը