Ջրլող թռչունների միջազգային հաշվառման արդյունքները Հայաստանում (Հունվար, 2015)

DSCN2082a

Հայաստանում հունվար ամսին տեղի ունեցած ջրլող թռչունների միջազգային հաշվառումը տասներեքերորդն է, որն իրականացվել է Կենտրոնական Ասիայի չվող ուղու վրա:

Հաշվառումն ընթացել է 2015 թ-ի հունվարի կեսին: Բոլոր օրերին գերակայել է բարենպաստ եղանակը, որը թույլ է տվել իրականացնել հաշվառումը նախատեսված ժամկետների մեջ՝շատ չնչին շեղումով:

Ինչպես նախկին տարիներին, հաշվառումը անցկացվեց Սևանա լճի ավազանում (ողջ լճի երկայնքով), Արաքսի հովտում՝ Արմաշի ձկնաբուծարանների, ինչպես նաև Մեծամոր գետային համակարգի տարածքներում:

Հաշվառման մասնակիցներն էին ՀԹՊՄ-ի աշխատակիցները, կամավորները և Սևանի ԿԹՏ-ի խնամակալը:

Սևանա լճի հաշվառման ընթացքում եղանակը կայուն էր, առավելապես արևոտ և առանց քամու: Շարժիչներով ձկնորսային բազմաթիվ նավակները, որոնք զբաղված էին ձուկ և խեցգետին բռնելով, հիմնական բացասական գործոնն էին, որ անհանգստացնում էին թռչուններին և նավարկելով լճի թե՛ առափնյա, թե՛ կենտրոնական հատվածներում, ստիպում էին վերջիններին անընդհատ տեղափոխվել, ինչն էլ խոչընդոտում էր տարբերակել դրանց տեսակային կազմը: Որպես դրական գործոն կարելի է ակնարկել տաք եղանակով պայմանավորված ողջ ափի երկայնքով սառույցի բացակայությունը, ինչը բնորոշ չէ տվյալ տարածաշրջանին: Այս ամենն էլ, մեր կարծիքով, պատճառ հանդիսացավ վերջին տարիների համար ջրլող թռչունների աննախադեպ թվաքանակի համար: Դիտարկվել է Սև փարփարի մեծ քանակ՝ 33,128 առանձնյակ, ինչն ավելի քան 50 %-ով գերազանցում է անցյալ տարվա հաշվառվածների թիվը: Ավելացել է նաև ANAS-ի ներկայացուցիչների թիվը: Այսպես, հաշվառվել է 4,533 Կարմրակտուց սուզաբադ, նախորդտարի՝ ընդամենը 918: Կռնչանբադ՝ 3,312, նախորդտարի՝ 1,645: Կարմրագլուխ սուզաբադի թիվը մնացել է համարյա նույն մակարդակի վրա՝ 3,575 առանձնյակ: Հետաքրքիր դիտարկումներից էին Սպիտակաաչք սուզաբադը, լուտոկը և ծովային աղավնաորորը: Ինչպես և անցած տարիներին, այս տարի նույնպես չդիտարկվեց Կարմիր բադը:

Մեծամոր գետային համակարգում կատարված հաշվառումները հաստատեցին մեր ենթադրությունը, որ տվյալ տարածքը ջրաճահճային ֆաունայի շատ ներկայացուցիչների համար կորցրել է իր նշանակությունը որպես ձմեռման վայր: Որսաշրջանի ընթացքում որսորդների կողմից դրա վրա ճնշումը և ողջ գետային համակարգում կենսամիջավայրի անդարձելի փոփոխությունները հանգեցրել են ձմեռող թռչնաֆաունայի աղքատացմանը: Այսպես, հաշվառման օրը 17 տեսակի 1,239 հաշվառված թռչունից 976-ը կամ 78,8%-ը Սպիտակ արագիլներն էին, որոնք յուրաքանչյուր ձմեռ, անկախ ցրտաշնչությունից, ձմեռում են այստեղ: Հաշվառման տարում ավելացել է նաև տառեղների թիվը: Մոխրագույն տառեղ՝ 26 առանձնյակ, Սպիտակ մեծ տառեղ` 7, երբ նախորդ տարի դիտարկվել է միայն մեկ Մոխրագույն տառեղ:

Գրեթե ամբողջությամբ սառած Արմաշի ձկնաբուծարանի տարածքում անցկացված հաշվառումները ցույց են տվել լճակներում թռչունների առկայության լիարժեք կախումը կլիմայական պայմաններից: Հաշվառման ընթացքում որպես բաց ջրային մակերես էին մնացել միայն արտեզյան աղբյուրների ելքերի մոտ ջրային շատ փոքր տարածքներ: Ընդհանուր առմամբ այստեղ հաշվառվել է 24 տեսակի 1,215 թռչուն: Տաք և ձյունով աղքատ տարիներին այս տնտեսության տարածքում հաճախ հաշվառվել է 35 և ավել տեսակի 10,000-ից մինչև 25,000 թռչուն: Բայց, չնայած որ բաց ջրային տարածքները հաշվառման օրը կազմել են լճակների ընդհանուր մակերեսի 7-8%, գրեթե կրկնակի ավելացել է Փոքր ձկնկուլների քանակը. 167 թռչուն հաշվառման տարում, 81՝ նախորդ տարում: Համեմատած անցյալ տարվա հետ, երբ հաշվառման օրը չի գրանցվել ոչ մի Սև փարփար, հաշվառման տարում նրա քանակությունը հավասար էր 479-ի: ANAS-ի տեսակային կազմը և թվաքանակը լճակներում նույնպես ավելացել է: Անցյալ տարի գրանցվել է ընդամենը 8 Կարմրագլուխ սուզաբադ, այս տարի՝ 5 տեսակի 100 առանձնյակ:

Ամփոփելով ձմեռային հաշվառումները կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բոլոր հաշվառման տարածքներում թռչունների թվաքանակը հավասար էր 33 տեսակին պատկանող 54,695 առանձնյակի: Թռչունների 95,5%, որը ներկայացել է 26 տեսակով, հաշվառվել է Սևանա լճի ավազանում: Ցավոք, մեծ հեռավորության պատճառով Anas-ի 3,900, Larus-ի 178 և Cygnus-ի 16 առանձնյակներ չտարբերակվեցին, բայց ներառվեցին Սևանա լճում հաշվառված թռչունների աղյուսակում: Արմաշի լճակներում հաշվառված է թռչունների ամենափոքր քանակը՝ 1,215 թռչուն կամ բոլոր հաշվառվածների 2,2%-ը: Տեսակային կազմը` 23 տեսակ: Վերջապես, ամենափոքր տեսակային կազմը դիտարկվել է Մեծամոր գետային համակարգի տարածքում: Այստեղ հաշվառված թռչունները պատկանում են 16 տեսակի: Ասյտեղ հաշվառված թռչունների փոքր թիվը և տեսակային կազմը գոյություն ունեցող թռչնաֆաունայի վրա ամենօրյա ճնշման արդյունքն է, որը տեղի է ունենում թե՛ որսաշրջանի ընթացքում որսորդների, թե՛ որսագողերի կողմից Արաքս գետի ողջ հովտի տարածքում:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը