ԿԹՏ-ների խնամակալների հանդիպում

Նոյեմբերի 15-ին և 16-ին Վայոց Ձորում տեղի ունեցավ Հայաստանի թռչունների պահպանման միության«Կարևորագույն Թռչնաբանական Տարածքների» խնամակալների տարեկան հանդիպումը:

Արդեն շուրջ 5 տարի է, ինչ ՀԹՊՄ-ի ջանքերով կազմակերպվում է ԿԹՏ-ների խնամակալների ամենամյա հանդիպումը, որը նպատակ է հետապնդում հայտնաբերելու և լուծելու ընթացիկ բնապահպանական խնդիրները, որոնք այս կամ այն ձևով վերաբերվում են Հայաստանի տարբեր ԿԹՏ-ների ինչպես թռչունների, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանությանը: 

P1110631a P1110660

Հանդիպումը մեկնարկեց Վայքում (Նորավանք ԿԹՏ-ի հարևանությամբ): Բացման խոսքով հանդես եկան ՀԹՊՄ հիմնադիր Մամիկոն Ղասաբյանը և համահիմնադիր, «Կարևորագույն Թռչնաբանական Տարածքներ» ծրագրի պատասխանատու Լյուբա Բալյանը, ովքեր ներկայացրեցին հանդիպման նպատակը և բովանդակությունը:

P1110719 P1110744

Կազմակերպության աշխատակիցները հերթականությամբ ներկայացրեցին  վերջին տարիների գործունեությունը համաձայն կազմակերպության առաքելության՝ բնապահպանական, գիտական և կրթական ուղղություներում: Անդրադարձ կատարվեց վերջին տարում իրականացված և նոր մեկնարկ տրված ծրագրերին՝ Observado.org (կայքի հայաֆիկացումը), «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք»միջպետական նախագիծ, Երևանում իրականացված հոպոպի մոնիտորինգի արդյունքները, «Տարվա թռչուն»«Գարնանն Ընդառաջ»«Ձմեռող թռչունների մոնիտորինգ» և «Եվրաթռչնադիտարկում»: Ինչպես նաև նշվեց Դսեղի այցելուների կենտրոնի նախատեսվող բացման և Մագելի քարանձավի հետ առաջացած խնդրի մասին: Առանձնահատուկ նշվեց նաև Արմաշ ԿԹՏ-ի պահպանման գործում կազմակերպության ջանքերի և կատարած քայլերի մասին, որոնք ուղղված են փրկելու մի քանի տարի տևող ջրային ճգնաժամի հետևանքով վերացման վտանգի առջև կանգնած կենսամիջավայրը: 

P1580154 P1110791 

Բովանդակալից ելույթով հանդես եկավ նաև «Խազեր» ՀԿ-ի անդամ Միխայիլ Ոսկանովը՝ անդրադառնալով կլիմայի փոփոխության և վերջերս բավականին մեծ աղմուկ հանած գայլերի սպանդի թեմային:

P1110835 P1110866

Օրակարգի կարևորագույն մասը և կորիզը կազմեց ԿԹՏ-ների խնամակալների ելույթը: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր աշխատանքները և հետազոտությունները, որոնք իրականացվել են իրենց խնամակալության տակ գտնվող ԿԹՏ-ներում: Ընդհանուր հայտարարի բերելով նրանց զեկույցները՝ կարելի է եզրակացնել, որ, չնայած ԿԹՏ-ներում որոշ կենդանիների և թռչնատեսակների թվաքանակի աճին, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ վատթար վիճակում: Եվ այն ուղղելու և վտանգված բնությունը փրկելու համար անհրաժեշտ է շարունակել կազմակերպության որդեգրած առաքելությունը՝ առավել զարկ տալով գիտական ուսումնասիրություններին, որոնք հիմք կհանդիսանան հետագա բնապհապանական, կրթական միջոցառումների համար և կլուսաբանվեն հանրության լայն շրջանակներում:

P1110907 P1110938

Երկրորդ օրը հանդիպման մասնակիցները թռչնադիտարկում իրականացրեցին Ջերմուկ և Նորավանք ԿԹՏ-ների տարածքում, ինչպես նաև Շատին գյուղում դիտեցին բեզոարյան այծերին: 

Ամփոփելով երկու օրերի աշխատանքը՝ Հայաստանի թռչունների պահպանման միությունը հնարավորություն ստացավ տեղեկանալու ԿԹՏ-ներում առկա իրավիճակի մասին և մշակելու ռազմավարություն, ըստ որի ձեռնարկված քայլերն ուղղված կլինեն պահպանելու ԿԹՏ-ների վտանգված թռչնատեսակներին և նրանց կենսամիջավայրերը, ինչպես նաև կանխելու տարածված տեսակների վտանգումը այս տարածքներում:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը