Սովորական հողմավար բազեն ճանաչվեց 2016թ-ի Տարվա թռչուն

kestrelԱվարտվեց «Տարվա թռչուն» ամենամյա հասարակական քվեարկությունը, որի արդյունքում, հավաքելով 1008 ձայն, ընտրվեց 2016 տարին խորհրդանշող թռչնատեսակը՝ Սովորական հողմավար բազեն (Falco tinnunculus):

Ինչպես նախորդ տարի,այս տարի նույնպես, «Տարվա թռչնի» թեկնածու թռչունները հինգն էին՝ Սպիտակ խաղտտնիկը, Սովորական հողմավար բազեն, Ժուլանը, Փոքր ձկնկուլը և Տնային բվիկը: Լավագույն եռյակում հայտնվեցին Սովորական հողմավար բազեն (1008 ձայն), Սպիտակ խաղտտնիկը (456 ձայն) և Ժուլանը (451 ձայն):

Հարցմանը մասնակցեցին 2307 հոգի ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:

Հարցման մասնակիցնեին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց՝ Հայաստանի թռչունների պահպանման միության էլեկտրոնային կայքում, իսկ համացանցի անհասանելության պատճառով որոշ մարզերում բաժանվեցին քվեաթերթեր:

Սովորական հողմավար բազեն իր չափերով աղավնու մեծության թռչուն է: Մարմնի ընդհանուր երկարությունը 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 71-80 սմ, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է 136-314 գ: Էգն ու արուն իրարից տարբերվում են գլխի գունավորմամբ և փետրածածկով: Արուի գլուխն ու պոչը բաց մոխրագույն է, փետուրների ընդհանուր գունավորումը՝ դարչնագույն, մեջքի վրա առկա են սև պտեր, իսկ կոկորդի հատվածը ունի փետուրների գունավորման ավելի բաց երանգ: Պոչի ծայրամասում ունի սև շերտ, որի վրա առկա են սպիտակ բծեր: Էգի գլուխն ու մարմնի վերին հատվածը կարմրադարչնագույն է: Ի տարբերություն արուների նրանց թափահարողները մուգ դարչնագույն են: Պոչը շագանակագույն է, որի վրա առկա են մուգ բծեր: Երիտասարդ առանձնյակները իրենց գունավորմամբ նման են էգերին, սակայն ի տարբերություն էգերի նրանց թափահարողները ավելի կարճ են և ավելի կլորավուն: Ունի սուր ձայն: Այս թռչնատեսակը լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում (արևմտյան տարածքներում) և Աֆրիկայի հյուսիսում:

Հետաքրքրական է այն փաստը, որ կախված կերի քանակից և արեալից այս թռչունների մի մասը չվում է, իսկ մյուս մասը ձմեռում է իր բնադրավայրում: Հայաստանում այս թռչնատեսակին կարելի է հանդիպել ամբողջ տարվա ընթացքում: Նրանց համար առավել նախընտրելի է կիսաանապատային, լեռնատափաստանային, ենթալպյան տարածքները կարելի է հանդիպել նաև գետաձորերի, հաճախ՝ բնակավայրերի մոտ: Սովորական հողմավար բազեն հիմնականում սնվում է կրծողներով՝ մկներով, սակայն երբեմն որսում է չղջիկներ, մողեսներ, գորտեր, միջատներ և անձրևաորդեր: Հազվադեպ որսում է ճնճղուկների և աղավնու ձագերի: Այս տեսակը բույն չի կառուցում. որպես բույն նա օգտագործում է ծառի փչակները, ժայռերը, երբեմն այլ թռչունների կողմից արդեն իսկ պատրաստված բները: Բնադրման շրջանը նրանց մոտ սկսվում է ապրիլ ամսից և ավարտվում է մայիսին: Դնում են հիմնականում 3-6 ձու, թխսում են երկու ծնողները մոտավորապես 4 շաբաթ:

Ձագերը սկզբնական ժամանակ ունենում են ամբողջովին սպիտակ գունավորում, ընդ որում սպիտակ է լինում նաև նրանց կտուցը: Աստիճանաբար գունավորումը մգանում է: Մեկ ամիս անց բազեի ձագերը փետրավորումը ամբողջանում է, և նրանք կարողանում են թռչել, սակայն դեռ շարունակում են մնալ ծնողների հետ և սովորում որսի գաղտնիքները: Բնադրման հաջորդ սեզոնին ձագերը լինում են արդեն սեռահասուն: Այս թռչունների կյանքի առավելագույն տևողությունը 15 տարի է:

Հողերի ինտենսիվ յուրացումը գյուղատնտեսական նպատակներով և թունաքիմիկատների օգտագործումը, բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակությունների, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա:


Հետաքրքիր փաստեր.

1. Սովորական հողմավար բազեյի տեսողությունը 2.5 անգամ ավելի ուժեղ է մարդու տեսողությունից:
2. Հասուն առանձնյակը մեկ օրվա ընթացքում ուտում է 6-8 դաշտամուկ:
3. Իր որսին նա կարող է հետևել անգամ 10-20 մ բարձրության վրա. թևերը հաճախակի թափահարելով անընդհատ պտտվում է նույն տարածքում:
4. Բազեի աչքերը հիանալի ընկալում են ուլտրամանուշակագույն ճառագայթները:


«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը