IWC 2016. հաշվառումն ավարտված է

IWC50 Logo Blue rgb 1000px2016 թվականի հունվար ամսին Հայաստանի թռչունների պահպանման միությունը նշեց Ջրլող թռչունների միջազգային հաշվառման 50-րդ հոբելյանը: Արդեն 14 տարի է, ինչ մենք իրականացնում ենք Ջրլող թռչունների ազգային հաշվառումը Հայաստանում:

Առաջին անգամ Ջրլող թռչունների միջազգային հաշվառումը իրականացվել է 1967 թվականի հունվար ամսին, որը համակարգվել է Wetlands International-ի կողմից: Այն տեղեկատվության յուրահատուկ աղբյուր է, որն օգնում է պաշտպանել և կառավարել թե՛ ջրային տարածքները, թե՛ այնտեղ բնադրող թռչունները:

Տարիների ընթացքում ՀԹՊՄ-նը հաջողվել է գրանցել աննկարագրելի մեծ թվով ջրլող թռչուններ և օգտագործել IWC-ի հաշվառման տվյալները գնահատելու ջրլող թռչունների պոպուլյացիան և բացահայտելու փոփոխությունները թռչունների թվաքանակի և տեղաբաշխման մեջ, ինչպես նաև գնահատելու ջրային տարածքների կարևորությունը ջրլող թռչունների համար:

Հաշվառման բոլոր օրերին եղանակային պայմանները բարենպաստ էին, որի շնորհիվ հաջողվեց աշխատանքներն ավարտել անհրաժեշտ ժամանակահատվածում:

Ընթացիկ տարում, ինչպես և անցյալ տարիներին, հաշվառումները անցկացվեցին Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական լճերում և Մեծամոր գետային համակարգի ամբողջ տարածքում: Բացի այդ որոշվել էր հաշվառում անցկացնել նաև Երևանյան ջրամբարում, որը գտնվում է մայրաքաղաքի տարածքում:

Հաշվառմանը մասնակցեցին ՀԹՊՄ աշխատակիցները, կամավորներ և Սևան ԿԹՏ-ի խնամակալը:

Սևանա լճի հաշվառման ընթացքում եղանակը հաստատուն էր, սառնամանիքային, հիմնականում արևոտ և թույլ քամու ուղեկցությամբ: Քամու ուժգնությունը ժամանակ առ ժամանակ հասնում էր 3-6մ/վ, ինչը չխոչնդոտեց դիտարկումների իրականացմանը: Որոշակի խանգարող հանգամանք էր հանդիսանում մեծաքանակ ձկնորսական մոտոռանավակների ակտիվությունը: Հիմնականում վաղ առավոտից նավակները շրջում էին մերձափնյա հատվածներում, որը վախեցնում էր թռչուններին և նրանց անհրաժեշտ էր լինում տեղափոխվել ափից հեռու, ավելի խորը շրջաններ: Հաշվառման ընթացքում դրական գործոնների շարքին կարելի է դասել սառցաշերտի բացակայությունը լճի ամբողջ ափամերձ հատվածներում՝ պայմանավորված հաշվառումներից առաջ համեմատաբար տաք եղանակով, ինչպես նաև գետաբերաններում ձկնորսների բացակայությունը, որտեղ նրանք սովորաբար տեղադրում են իրենց ձկնորսական թարփերը:

Վերը թվարկված գործոնները թույլ տվեցին որոշել մեր կողմից դիտարկված թռչնատեսակների քանակությունը լճում: Հաշվառման արդյունքում գրանցվել է Սև փարփարի մեծ քանակություն՝ 42.250 թռչուն, որը ամենաբարձր ցուցանիշն էր ամբողջ ձմեռային հաշվառումների պատմության մեջ՝ սկսած 2003 թվականից: Ի համեմատ անցյալ տարվա՝ դիտվել է Կարմրակտուց և Կարմրագլուխ սուզաբադերի քանակի աննշան ավելացում, իսկ Կռնչան բադի քանակությանը փոքր ինչ նվազել է: Հաշվառման ընթացքում հետաքրքրական էր Մոխրագույն և Սպիտակ տառեղների բացակայությունը, չնայած որ հունվարի սկզբում նրանց քանակը հարյուրից ավելի էր: Զարմանալի էր նաև Մեծ ձկնկուլների մինիմալ քանակությունը (3 առանձնյակ), քանի որ Սևանա լճի ավազանում վերջին տարիներին նկատվում էր այս տեսակի քանակության հաստատուն աճ, ինչպես բնադրման, այնպես էլ ձմեռային շրջաններում: Գրանցված հետաքրքիր տեսակներից էին Լուտոկները, Ծովային աղավնաորորները, Մոխրագույն սագերը, ինչպես նաև հազվագյուտ 4 Ծովային սուզաբադերը: Վերջին տարիներին՝ ուշ աշնանը և ձմեռային շրջաններում, Ծովային սուզաբադերի հատուկենտ առանձնյակներ հանդիպում են Կարմրագլուխ կամ Փուփուլավոր սուզաբադերի երամներում: Կարմիր բադեր ինչպես անցած տարիներին այս տարի ևս չհանդիպեցին:

IWC in Lake Sevan IBA

Արմաշի ձկնաբուծական լճերի տարածքում իրականացված հաշվառումները, ինչպես անցած տարիներին, հաստատեցին, որ թռչունների առկայությունը կախված է ջրային բաց մակերեսների սառցակալման աստիճանից: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով Արաքս գետի հովտում փակվեցին բազմաթիվ արտեզյան հորեր՝ կապված ստորգետնյա ջրային պաշարների նվազեցման հետ, ինչից չխուսափեց նաև Արմաշի ձկնաբուծարանը: Եթե անցած տարիներին, ի շնորհիվ արտեզյան աղբյուրների, դեռ մնում էին փոքր բաց ջրային հատվածներ, ապա այս տարում դրանք գործնականորեն չէին մնացել, չհաշված լճերը սնուցող ջրերի միախառնման վայրերը: Ընդհանուր հաշվով ձկնաբուծարանի և նրա հարակից տարածքներում հաշվվել է 30 տեսակի 2.148 թռչուն: Գրանցված բոլոր տեսակներից ավելի մեծաքանակ էին Փոքր ձկնկուլները (750 առանձնյակ), Կռնչան բադերը (208 թռչուն) և Մեծ սպիտակ տառեղները (166 թռչուն): Հաշվառողներին զարմացրեց Սուզակների իսպառ բացակայությունը:

Հետաքրքիր գրանցումների թվին կարելի է դասել Արաքսի հովտում հազվադեպ հանդիպող Մեծ սղոցակտուց բադերին՝ թվով 4 և Հայաստանի թռչնաշխարհի համար հազվագյուտ՝ 1 Փոքր ծովաորոր:

IMG 1687

Մեծամոր գետային համակարգում անցկացված հաշվառումերը կրկին, ինչպես անցած տարիներին, բացահայտեցին տխուր պատկեր: Մեր կողմից արդեն նշվել էր, որ այս տարածքը կորցրել է իր նշանակությունը, որպես «ջրլող թռչունների ձմեռման վայր»: Հետազոտվող հատվածում թռչունների բնակությանը հարմար տարածքի 80%-ը սառցակալված էր: Գրանցված թռչնատեսակների ընդհանուր թվից (2.225) 970-ը Սպիտակ արագիլներ էին, որոնց մեծ մասը (489) խմբված էր թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ, իսկ հաշվառված 515 Հայկական որորներից 475-ը գրանցվել են Մասիս քաղաքի աղբանոցում: 430 Փոքր ձկնկուլները հաշվառվող տարածքում գրանցվել են Հրազդան, Սև ջուր գետերի վրա և մի շարք չսառած ոռոգման ջրանցքերի մոտ:

IMG 1300

Երևանյան լճում անցկացված առաջին IWC հառվառումը տվեց հետևյալ արդյունքները. գրանցվել են 13 տեսակների պատկանող 989 թռչուններ: Հաշվառման օրը թվաքանակով ամենամեծը Հայկական որորներն էին և Սև փարփարները: Դիտարկման ընթացքում գրանցվեց Հայաստանի համար հազվագյուտ Սևագլուխ որոր:

1Ամփոփելով ձմեռային հաշվառման արդյունքները կարելի է փաստել, որ ուսումնասիրված տարածքներում գրանցված թռչունների ընդհանուր քանակը կազմում է 64.007 առանձնյակ (41 տեսակ): Նշված քանակի 91,6%-ը՝ ներկայացված 26 տեսակով, գրանցված է Սևանա լճի ավազանում: Արմաշի լճերում հաշվառվել է ընդամենը 3,6%՝ 30 տեսակով, իսկ Մեծամոր գետային համակարգում 3,5%՝ 14 տեսակով: Վերջապես Երևանյան լճի տարածքում հաշվառվել է 1,5%՝ ներկայացված 13 տեսակով:

Գրանցված թռչնատեսակներից մեծ քանակությունը կազմում են Սև փարփարները՝ 42.723 առանձնյակ, բադերից՝ Կարմրագլուխ սուզաբադը՝ թվով 5.065:

Certificate 50 years IWC ArmeniaՈրորներից մեծ թիվ են կազմում Հայկական որորները՝ 1.364 թռչուն: Տառեղների խմբից մեծաքանակ էին Մեծ սպիտակ տառեղը՝ 166 թռչուն, Կտցարներից՝ Կարմրաոտ կտցարը՝ 66 առանձնյակով:

ՀԹՊՄ-ը ուրախ է տոնել IWC-ի 50-րդ հոբելյանը Հայաստանում: Մենք մեր երախտիքն ենք հայտնում Wetlands International-ին, որը, գնահատելով մեր կամավորական աշխատանքները և ազգային հաշվառման մեջ ունեցած ներդրումը, մեր կազմակերպությանը շնորհել է հատուկ պատվոգիր:

Մենք արդեն անհամբեր սպասում ենք հաջորդ տարվան՝ ջրլող թռչուններին կրկին հաշվառելու ակնկալիքով:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը