Ciconiiformes դասի թռչնատեսակների վերաբնադրումը Սևանա լճի ավազանում

Սևանա լճի խնդիրը միշտ էլ եղել է թռչնաբանների ուշադրության կենտրոնում լճի ջրի մակարդակի իջեցման պատճառով: Սևանը իրեն շրջապատող փոքր լճերով և ողողադաշտերով առաջ հանդիսանում էր Հայաստանում մի շարք ջրաճահճային թռչնատեսակների բնադրավայր՝ հատկապես գրավելով նրանց առափնյա առատ ծածկված եղեգնուտներով, ջրային բուսականությամբ և անողնաշարավորների հարուստ բազմազանությամբ' գերազանց բնադրավայր հանդիսանալով Ciconiiformes դասի թռչնատեսակների համար:

Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրեց առափնյա ողողադաշտերի մեծամասնության անհետացման, իսկ նրանց մյուս մասը, այդ թվում նաև Գիլի լիճ համակարգը չորացվեցին մի շարք դրենաժային աշխատանքների հետևանքով: Կատարված փոփոխությունների արդյունքում Սևանա լիճը, որը հիանալի բնադրավայր էր կերի առատության և անհանգստացման գործոնի բացակայության տեսանկյունից, կորցրեց իր նշանակությունը ջրաճահճային թռչունների համար:

P1190767Սևանա լճի խնդրի համապարփակ լուծմանը և ջրի մակարդակի կայունացմանը ուղղված գործողություները հույս ներշնչեցին, որ հնարավոր կլինի վերականգնել լճի երբեմնի նշանակությունը ջրաճահճային թռչունների համար: 2000 թ-ից սկսած, ջրի մակարդակի բարձրացման ու հարավ արևմտյան և հարավ արևելյան ափերին բազմաթիվ ծանծաղուտների առաջացման շնորհիվ, լիճը սկսեց գրավել բազմաթիվ տառեղների նաև միգրացիայի և ձմեռման շրջաններից դուրս: 2005թ-ից սկսած արդեն ամռանը' այսինքն բնադրման շրջանում, Քաջահավի, Կվակվայի, Տարգալակտուցի, Փոքր սպիտակ և Դեղին տառեղների փոքր երամներ են նկատվել այս տարածքում: Չնայած այդտեղ նրանց բնադրման փաստը միանշանակ հավաստի չէր: 2008 թ-ի ապրիլին մի խումբ տառեղներ են նկատվել Նորաշեն գյուղի մոտակայքում' Որորների կղզու հարևանությամբ, որոնք սնվելով առափնյա տիղմոտ վայրերում' գիշերելու են վերադարձել Որորների կղզի: Բնադրումը սկսվել է ապրիլի վերջին մայիսի սկզբին չիչխանի թփերում: Քաջահավերի, Կվակվաների, Դեղին և Փոքր սպիտակ տառեղների բնադրումը մայիսի կեսերին արդեն իսկ եռուն ընթացքի մեջ էր:

Չնայած Տարգալակտուցների բնադրումը այս տարածքում այդպես էլ չնկատվեց, սակայն մի զույգ պարբերաբար սնվում էր հիմնական բնադրագաղութին հարող տիղմոտ ափերում: Հուլիսին ծնողների հետ միասին նույն վայրում սնվում էին նաև ձագերը:

2009 թ-ի գարնանը տառեղների մի փոքր խումբ կրկին նկատվել են Նորատուս գյուղի շրջակայքում Որորների կղզու հարևանությամբ: Հին բների նորոգման և նոր բների կառուցման աշխատանքները Կվակվաների և Փոքր սպիտակ տառեղների կողմից արդեն իսկ նկատվել են մայիսի կեսերին Որորների կղզուն հարող չիչխանի թփերում: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Քաջահավերը իրենց բները կառուցեցին Հայրավանքին հարող եղեգներով շրջապատված չիչխանի թփերում: Այս տարի նույնպես մայիսին տարգալակտուցների երկու զույգ նկատվել են սնվելուց Նորատուսին և Հայրավանքին հարող մերձակա ծանծաղուտներում: Հունիսին կարելի էր տեսնել այնտեղ արդեն միայնակ առանձնյակների, որոնք թռնում էին տարբեր ուղղություններով: Ամենայն հավանականությամբ զույգերից մեկը բնադրվում էր Նորատուսի թերակղզում, իսկ մյուսը'Հայրավանքի մերձակա տարածքում:

Ջրի մակարդակի դանդաղ, բայց շարունակական բարձրացումը հույս է ներշնչում, որ այն տեսակները, որոնք ժամանակին բնադրել են այստեղ, ետ կվերադառնան իրենց նախկին բնադրավայր, այլ ոչ միայն կօգտագործեն այս տարածքը որպես հանգստի վայր: Հուսանք, որ կառավարությունը կշարունակի Սևանա լճի էկոհամակարգի վերականգմանը ուղղված քաղաքականությունը և կդիմակայի մի խումբ օլիգարխների ճնշմանը, որոնք իրենց տները կառուցել են լճի երկայնքով մեկ: Այս դեպքում հնարավոր կլինի վայելել թռչունների աննկարագրելի գեղեցկությունն ու քաղցր դայլայլը, ի հակառակ վեր խոյացող պարիսպների ու կառուցների, որոնք օրեցօր շատանալով, գրավում են համայն հայությանը պատկանող Սևանա լճի առափնյա տարածքները:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը