Ներկարար (Coracias garrulus) - Տարվա թռչուն 2015

roller photo for news A

Ավարտվեց «Տարվա թռչուն» ամենամյա հասարակական քվեարկությունը, որի արդյունքում, հավաքելով 1037 ձայն, ընտրվեց 2015 տարին խորհրդանշող թռչնատեսակը՝ ներկարարը (Coracias garrulus):

Ի տարբերություն նախորդ տարիների, «Տարվա Թռչուն» 2015 թեկնածու թռչունները հինգն էին` Տնային բվիկը, Գիշանգղը, Սև կեռնեխը, Ներկարարը և Սև մանգաղաթևը: Լավագույն եռյակում հայտնվեցին՝ Ներկարարը (1037 ձայն), Գիշանգղը (337 ձայն) և Տնային բվիկը (334 ձայն):

Հարցմանը մասնակցեցին 2123 հոգի՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:

Հարցման մասնակիցներին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության էլեկտրրոնային կայքում, իսկ համացանցի անհասանելության պատճառով որոշ մարզերում բաժանվեցին քվեաթերթեր:

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Ողջ տարվա ընթացքում անց են կացվելու հանդիպումներ դպրոցականների հետ, ներդպրոցական մրցույթներ, ինչպես նաեւ կտարածվեն տպագրանյութեր այս թռչնատեսակն առավել ճանաչելի դարձնելու նպատակով:

Ներկարարն իր կառուցվածքով շատ նման է ագռավազգիներին, սակայն տարբերվում է վառ երկնագույն գունավորմամբ, որի շնորհիվ նրան կարելի է նկատել անգամ մեծ հեռավորությունից: Ներկարարն իր չափերով աղավնու մեծության թռչուն է: Այս գունագեղ թռչնին բնության մեջ կարելի է ճանաչել շնորհիվ իր հզոր կտուցի, ամուր ոտքերի և մեծ թափահարողների: Մարմնի ընդհանուր երկարությունը` 30-32 սմ է, թևերի բացվածքը՝ 66-73 սմ, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է՝ 110-160 գ: Ներկարարն ունի բավականին վառ և գունագեղ փետրավորում, որում գերակշռում են երկնագույն և կանաչ գույները: Ունի սուր ճռացող ձայն: Լայնորեն տարածված է Եվրոպայում և ձմեռում է Աֆրիկայի հարավում:

Հայաստանում այս թռչնատեսակին կարելի է հանդիպել ապրիլ ամսվա երկրորդ կեսից: Ներկարարը չի խուսափում մարդու ներկայությունից, սակայն ցուցաբերում է որոշակի զգուշավորություն: Ցերեկային կենսակերպ վարող թռչուններ են, գետնի վրա երկար ժամանակ անցկացնելու սիրահարներ չեն: Ներկարարները իրենց տեսակով էնտոմոֆագ են, այսինքն՝ համարվում են բացառապես միջատակերներ, սակայն այդ ամենի հետ մեկտեղ աշնանը կարող են սնվել հատապտուղներով և սերմերով, ճիշտ է, հազվադեպ, բայց կարողանում են որսալ մողեսների և կրծողների, որոնց նկատում են էլեկտրալարերի կամ ծառի ճյուղերի վրա նստած ժամանակ: Այս գունագեղ թռչնատեսակը սովորաբար խուսափում է խիտ անտառային տարածություններից, ավելի շատ նախընտրում է անապատային և կիսաանապատային տարածքներ: Սակայն նրան կարելի է հանդիպել անտառներում, անտառատափաստաններում, տափաստաններում և մարդածին լանդշաֆտներում: Լեռնային շրջաններում (Միջին Ասիա, Կովկաս) այս թռչնատեսակը բնադրում է 1500-1600 մ, հազվադեպ` 2000 մ բարձրությունների վրա: Ներկարարը բնադրում է փչակներում, պատերի ճեղքերում, ավազոտ կամ կավե զառիթափերի փորվածքներում:

Արուն և էգը իրար նման են և՛ չափերով, և՛ գունավորմամբ: Գարնան կեսերից այս թռչնատեսակի մոտ սկսվում է բնադրման շրջանը` հարսանեկան պարերը, և այդ ժամանակահատվածում արուն էգի ուշադրությանն արժանանալու համար սկսում է օդում իրականացնել բարդ շարժումներ, որոնք իրենց հերթին ուղեկցվում են ձայնային ելևէջներով: Դնում են 4-5 ձու, ձագերի կերակրմամբ զբաղվում են երկու ծնողները` կերակրելով նրանց մոտ մեկ ամիս:

Այս թռչնատեսակը աչքի է ընկնում նաև իր գյուղատնտեսական նշանակությամբ, քանի որ ոչնչացնում է բզեզներին և այլ միջատներին, որոնք հանդիսանում են անտառների և գյուղատնտեսական տարածքների վնասատուներ: Ներկարարը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, գնահատվում է որպես «Խոցելի»: Պահպանվում է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով:

 

Հետաքրքիր է նաև իմանալ, որ`

  • Ներկարարը շնորհիվ իր սուր տեսողության նկատում է իր որսին նույնիսկ 8-10 մ բարձրությունից: Նկատելով միջատին գետնի կամ բույսի վրա` նա սլանում է ներքև և բռնում իր զոհին:
  • Հասուն առանձնյակը մեկ օրվա ընթացքում միջինում ուտում է 25, իսկ երիտասարդ առանձնյակները` մինչև 21 միջատ:
  • Առանձնակի ուշադրության է արժանի նրանց «խմբակային» պաշտպանությունը գիշատիչներից: Գիշատչի հայտնվելուն պես նրանք մի ամբողջ խմբով կարող են հարձակվել նրա վրա:
  • Սննդի հայթայթման նպատակով նրանք կարող են իրենց բնից հեռանան մոտ 1 կմ, երբեմն մինչև 2-3 կմ:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր թռչնասերներին քվեարկությանը մասնակցելու համար:

 

Joomla Templates and Joomla Extensions by JoomVision.Com

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը