Արշալուսիկ (Erithacus rubecula) - Տարվա թռչուն 2013

Ավարտվեց հասարակական քվեարկությունը, որի արդյունքում ընտրվեց 2013 թվականի խորհրդանշող թռչնատեսակը:

Տարվա Թռչուն 2013 թեքնածու թռչուններն էին` Սեւ անգղը, Արշալուսիկը, Հայկական որորը, Կարմրակատարը, Մեծ ճուռակը, Ոտնացուպիկը, Ներկարարը, Սեւ մանգաղաթեւը, Մեծ սուզակը եւ Ժայռային մեծ սիտեղը:

Հարցումը մեկնարկեց հոկտեմբերի կեսերին եւ մասնակիցներին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության (ՀԹՊՄ) էլեկտրրոնային կայքում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան էջում: Ինտերնետի անհասանելության պատճառով մարզերում բաժանվեցին քվեաթերթեր:

Հարցմանը մասնակցեցին 1329 հոգի, ինչպես Երեւանից այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Առցանց հարցման ընթացքում պայքարը մղվեց Սեւ անգղի եւ Արշալուսիկի միջեւ: Քվեաթերթերի տվյալների ամփոփման արդյունքում պարզվեց, որ պայքարն ընթանում էր Արշալուսիկի, Կարմրակատարի եւ Սեւ անգղի միջեւ եւ հավաքելով առավելագույն ձայները` 258 ձայն, Արշալուսիկը ճանաչվեց Տարվա թռչուն:

Շիկակարմիր-նարնջագույն կրծքով այս փոքրիկ թռչնին կարելի է հանդիպել Հայաստանի ամբողջ տարածքում: Մարմնի երկարությունը կազմում է 15-16 սմ, իսկ թեւերի բացվածքը` 20-22 սմ, կշռում է ընդհամենը 16-18 գ.:

Արշալուսիկները բնակվում են խոնավ, լայնատերեւ եւ խառը անտառներում, հաճախ հանդիպում են նաեւ այգիներում, գյուղերում եւ ոչ մեծ քաղաքներում: Երեւանում նրանց կարող են տեսնել շատերը, ովքեր գարնանը եւ ամռանը այցելում են Հաղթանակի, Բուսաբանական եւ Կենդանաբանական այգիներ, ինչպես նաեւ նրանք, ովքեր զբոսնում են Հրազդան գետի շրջակայքում:

Արշալուսիկը որպես կանոն բնադրում է գետնինª թփերում եւ թփուտանման ծառերում: Նա մարդկանցից գրեթե չի վախենում եւ շատ հետաքրքասեր է:

Բույնը կառուցում է ցողունների եւ չոր տերեւների օգնությամբ եւ տեղադրում այն խոնավ եւ ջրին մոտ գտնվող տարածքներում, սնվում է միջատներով՝ անձրեւորդերով, մանր բզեզներով եւ խխունջներով: Աշնանը սնվում է հատապտուղներով եւ մանր սերմերով, իսկ ձմռանը` նրան հաճախ կարելի է տեսնել կերամանների մոտ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արշալուսիկը կեր է տանում իր բույն` թռչելով օրը մինչեւ 300 անգամ, որի շնորհիվ նա ոչնչացնում է բազմաթիվ վնասակար միջատների եւ մեծ օգուտ է բերում տնտեսությանը: Այդ իսկ պատճառով ցանկալի է գրավել այս թռչնին դեպի զբոսայգիներ, այգիներ, ինչպես նաեւ կերակրել նրանց ձմռան ամիսներին եւ պահպանել նրանց բնադրման վայրերը գարնանը: Հայաստանում նրանց հիմնական սպառնալիքներից մեկը իրականացվող անտառհատումներն են եւ նրա կենսամիջավայրի ոչնչացումը, իսկ քաղաքում կտրուկ նվազում են հանգստյան գոտիների եւ հատկապես զբոսայգիների թիվը, որոնց փոխարինելու են գալիս հյուրանոցային համալիրները, սրճարանները, ռեստորանները եւ այլ նմանատիպ շինություններ, որոնք ուղեկցվում են ձայնային էֆեկտներով: Այդ իսկ պատճառով վերջին 10 տարիների ընթացքում հնարավոր է Արշալուսիկների պոպուլյացիայի քանակի նվազում:

Լինելով բավականին ՙկռվարար՚ թռչնատեսակ` Արշալուսիկները այնուամենայնիվ հազվադեպ են կռվում միմյանց հետ, անգամ եթե լինում են նմանատիպ դեպքեր, ապա դրանք ավարտվում են թռչուններից մեկի մահով:

Հատկանշանական է, որ Արշալուսիկը համարվում է մթնշաղային թռչուն եւ դրա մասին վկայում են նրա խոշոր աչքերը: Աչքերը օգնում են նրան ոչ միայն հանգիստ կողմնորոշվել մթնշաղում, այլեւ վարել գիշերային ակտիվ կենսակերպ: Ամռան ամիսներին նրանք կարող են երգել ամբողջ գիշեր:

ՙՏարվա թռչուն՚ նախաձեռնության նպատակն է սեւեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

Ողջ տարվա ընթացքում անց են կացվելու հանդիպումներ դպրոցականների հետ, ներդպրոցական մրցույթներ, ինչպես նաեւ կտարածվեն տպագրանյութեր, ինչպիսիք են թերթոններ, կպչուն զարդապատկերներ, օրացույցներ թռչնատեսակը առավել ճանաչելի դարձնելու նպատակով:

 

 

Joomla Templates and Joomla Extensions by JoomVision.Com

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը